Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ          Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել       Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք    

30 հուն 2021 16:05

Թուրքիան նախատեսում է մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Զանգեզուրի հարցը. բացահայտվել է Հայաստանի վրա հարձակման Թուրքիայի գաղտնի ծրագիրը

«Թուրքիան նախատեսում է մինչև 2021 թվականի մարտ լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ, Մոսկվային Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր պարտադրելու հնարավորություն ունենա, որտեղ հայկական չի լինի ոչ միայն Արցախը, այլ նաև Զանգեզուրը: Սրան հասնելու համար, թուրքական կողմը նպատակադրվել է մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Զանգեզուրի հարցը: Եվ, եթե այս ամենին գումարենք նաև այն, որ առջևում Կարսում անցկացվելիք փետրվարյան մեծամասշտաբ զորավարժություններն են, ապա հայկական կողմը, մեղմ ասած, մտածելու բան ունի,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: 


Տեղեկացնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլ էր սպրդել գաղտնի մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան ծրագիր է մշակել՝ հարձակվելու Հունաստանի և Հայաստանի վրա: Հունաստանի վրա հարձակման ծրագիրը, որ որպես հատուկ օպերացիա պետք է իրականացվեր Թուրքիայի զինված ուժերի կողմից, փաստաթղթավորված է 2014 թվականին: Հայաստանի հարձակման ծրագիրը, որ կոչվում է «TSK Altay Harekât Planlama Direktifi» մշակվել և պատրաստվել է դեռևս 2000- ի օգոստոսի 15-ից: Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ թուրք զինվորականների շրջանում վերոհիշյալ ծրագիրը կարճ անվանմամբ կոչվում է «Ալթայ»՝ նախանշելով, կարծես, դրա իրական և հեռահար նպատակը:


Հարցին՝ արդյո՞ք սենսացիոն տեղեկություններ պարունակող այս փաստաթղթի նյութերը պատահականորեն չեն հրապարակվել, քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ չի բացառվում, որ դրանք պատահականորեն են ջրի երես դուրս եկել, թեև, նման կարգի տեղեկությունը, որպես կանոն, հույժ գաղտնի է պահվում: Հետևաբար, եթե դրանք հասանելի են դարձել լայն շրջանակներին, ապա, ըստ ամենայնի, չի բացառվում, որ թուրքական կողմը դրանով ցանկացել է ստուգել հայկական կամ հունական կողմի արձագանքը՝ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ. «Թուրք-շվեդական «Nordic Monitor»-ի փոխանցած տեղեկությունների համաձայն, փաստաթուղթը հայտնաբերվել է 2016 թվականին, երբ քննարկվում էր Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձը:


Անկարայի դատախազ Սերդար Կոչքունը, ուսումնասիրելով թուրքական բանակի գլխավոր շտաբի փաստաթղթերը, պատահական հայտնաբերում է փաստաթուղթը և, իբրև անփութության պատճառով, մոռանում է հեռացնել դրանք մեղադրական գործերի փաթեթից: Այնուամենայնիվ, փաստաթղթի հրապարակվելուց հետո, առավել լուրջ և գաղտնի տեղեկության արտահոսքերը հնարավորինս բացառելու համար, Թուրքիայի իշխանությունները մաքսիմալ ջանքեր են գործադրել, կոծկելու համար միջադեպը»:


Երվանդ Բոզոյանը հավելում է՝ թեև միջադեպի առնչությամբ այլ պաշտոնական տեղեկություններ կամ փաստաթղթեր չեն հրապարակվել, այնուամենայնիվ, Անկարայի դատախազության անանուն աղբյուրների համաձայն՝ թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի վրա հարձակման ծրագրերն ունեցել են նաև լրացուցիչ գաղտնի հավելվածներ:


Ի՞նչ է իրենից ներկայացնում դեռևս 2000-ականներից պատրաստ՝ Հունաստանի և Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման ծրագիրը: Քաղաքական վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում. «Հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ, օրինակ, Հունաստանի վրա հարձակման նպատակը եղել է օկուպացնել այն կղզիները, որտեղ հետագայում հնարավոր կլիներ էթնիկական զտումներ ձևավորել՝ թուրք փոքրամասնություններին դարձնելով մեծամասնություն, այսպիսով՝ փոփոխելով կղզիների էթնիկական հարաբերակցությունը:


Այսինքն, իրականացնել այն, ինչ եղավ Կիպրոսի թուրքական մասի հետ, որտեղից արտահանվեցին հույն և հայ բնակչությունը, ինչի արդյունքում, կղզու 40 տոկոսը մինչ այսօր գտնվում է թուրքական օկուպացիայի տակ: Այս փաստաթղթից երևում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այս ծրագիրը կազմել է հույժ գաղտնի, որի մասին տեղյակ չի եղել անգամ նախագահ Էրդողանը: Ավելին, բոլոր հիմքերը կան պնդելու, որ եթե 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջողվեր, ապա թուրք զինվորականներն իրենց այս ծրագիրը կարող էին փորձել իրականացնել թե՛ Հունաստանի, և թե՛ Հայաստանի մասով»:




Իսկ ի՞նչ է նախատեսված եղել դեռևս 2000 թվականի օգոստոսի 15-ից պատրաստ՝ Հայաստանի հարձակման «TSK Altay Harekât Planlama Direktifi» ծրագրով: Երվանդ Բոզոյանը նկատում է՝ ինչ վերաբերում է Հայաստանի հատվածին, ապա այստեղից պարզ երևում է, որ Թուրքիան 1998 և 1999 թվականներին մեծ հույսեր է ունեցել, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ը քաղաքացիական պատերազմի կվերաճեր, սակայն այս հույսերը չարդարանալուց հետո, որոշվել է իրականացնել, այսպես կոչված, «պլան Բ-ն», այսինքն՝ կյանքի կոչել «Ալթայ» ծրագիրը.


«Ըստ այդ ծրագրի, սկսած 2000 թվականից, Հայաստանում նախատեսված էր ցնցումներ հրահրել, որի ֆոնին Թուրքիան պետք է «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտի երեք ուղղություններով՝ միջնորդավորված քարոզ տանել այն ուղղությամբ, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և, որ հայտնվելով շրջափակման մեջ, Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով:


Միաժամանակ, պետք էր համառորեն առաջ տանել այն թեզը, թե ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները ոչ այլ ինչ էին, եթե ոչ շարքային հանցագործներ և թալանչիներ, ինչն էլ, համենայն դեպս, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում, լավագույնս իրականացվել է: Հաջորդ խնդիրը, որ, ըստ հրապարակված փաստաթղթի, իր առջև դրել էր թուրքական կողմն, այն էր, որ Հայաստանում միջնորդավորված քարոզ պետք է իրականացվեր, առաջ տանելու և հաստատելու այն թեզը, թե, իբր, Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Հետևաբար, պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել, այսպիսով, վերջնականապես փչացնելով հայ-ռուսական հարաբերություններն, ընդ որում ՝ բոլոր ուղղություններով: Ինչպես տեսել ենք, նման ակտիվ փորձեր կոնկրետ անձանց կողմից նույնպես եղել են»:


Շարունակելով թեման, քաղաքական վերլուծաբանը հավելում է՝ հակառուսական քարոզին զուգահեռ, վերջնականապես կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, թուրքական կողմի անմիջական աջակցությամբ պետք է համալրվեր և հզորանար ադրբեջանական բանակը: Դրա նպատակն էր՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինված ուժերն ի զորու լինեին արցախա - ադրբեջանական սահմանի ողջ երկանքով ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել, ինչը, նույնպես, ըստ Երվանդ Բոզոյանի, տեղի է ունեցել մեր աչքի առաջ: Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ ըստ հրապարակված փաստաթղթի, նախատեսված է եղել, որ «x» պահին, քրդական ահաբեկիչների հետապնդման պատրվակով, Զանգեզուրի ուղղությամբ պետք է հարվածներ հասցվեն նաև Նախիջևանի կողմից, այդ թվում նաև՝ թուրքական ռազմաօդային ուժերի միջոցով:


Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ մանրամասն ուսումնասիրելով այս փաստաթուղթը, ապշել կարելի է, թե ինչպիսի հետևողականությամբ և ինչ արդյունքների են հասել թուրքերը Հայաստանի ուղղությամբ. «Հայաստանի վերաբերյալ այս ողջ ծրագրի եզրափակիչ մասում երկու հիմնական թիրախներ են եղել՝ գրավել Արցախն ու վերցնել Զանգեզուրը: Ու, թեև հայաստանյան իշխանությունները վերջին պատերազմում իրենց, մեղմ ասած, լավ չդրսևորեցին, այնուամենայնիվ, թուրք – ադրբեջանական տանդեմին չհաջողվեց ամբողջությամբ վերցնել Արցախը: Այլ հարց է, որ այս պատերազմի արդյունքում մենք հայտնվեցինք այնպիսի մի իրավիճակում, որ հայաստանյան քաղաքական օրակարգի թելադրող դիրքերում հայտնվեց նաև Թուրքիան, այնուամենայնիվ, ես հակված եմ մտածել, որ ամեն ինչ դեռ կորած չէ:


Հասկանալի է, որ պատերազմից հետո Հայաստանում և Արցախում մարդիկ ծանր բարոյահոգեբանական վիճակում են հայտնվել, շատերը հուսահատված են, շատերը ելք չեն տեսնում, բայց սա բոլորովին չի նշանակում, որ մենք մեզ վրա անհույս կորսվածների պիտակ պետք է խփենք ու շարունակենք այդպես ապրել: Բոլորովին ոչ, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել և որևէ մեկը չի երաշխավորել, որ այն մեր հաղթանակով չի ավարտվելու»,- ասում է քաղաքական վերլուծաբանը:




Անդրադառնալով արդեն ժամեր անց՝ Կարսում փետրվարի 1- 12 անցկացվելիք թուրք - ադրբեջանական «Ձմեռ -2021» պլանային զորավարժությունների հնարավոր հետևանքներին և հայկական կողմի համար պարունակող վտանգներին, Երվանդ Բոզոյանը նշում է՝ իհարկե հայկական սահմանին շատ մոտ հարևանությամբ անցկացվող թուրք – ադրբեջանական զորավարժությունները մեզ համար ռեալ վտանգներ են պարունակում, հատկապես, երբ մենք աչքի առաջ ունենք ոչ վաղ անցյալում նախիջևանում տեղի ունեցած զորավարժությունները, որի անմիջական հետևանքը եղավ Արցախում հրահրված պատերազմը, սակայն, համարել սա դատավճիռ և սպասել նոր արհավիրքի, վերլուծաբանի կարծիքով ճիշտ չէ.


«Ըստ հրապարակված գաղտնի փաստաթղթի, պարզ է դառնում, որ թուրքական կողմի պլաններում առկա է՝ մինչև 2021 թվականի մարտ լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ, Թուրքիան Մոսկվային Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր պարտադրելու հնարավորություն ունենա, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը: Հետևաբար, այսպիսի իրավիճակում արդիական է մնում թուրքական կողմի վերջին պլանը՝ մինչև մարտ վերցնել Զանգեզուրը, որը մեծ իմաստով Թուրքիայի համար կանաչ լույս կվառի՝ դեպի թուրքալեզու պետությունների ալյանսը, սակայն, նորից եմ կրկնում՝ ո՞վ է երաշխավորել, որ իրականությունը կդասավորվի հենց այնպես, ինչպես Թուրքիան է ցանկանում…»,- եզրափակելով զրույցն, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր