Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

11 հուն 2022 12:03

Երևանը պարտավոր է ուշադիր հետևել բոլոր այն իրադարձություններին, որտեղ երևում է թուրքական հետքը. Անկարան ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում

politexpert.net-ը «Թուրքական հետքը Ղազախստանում. հայացք Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը հեռու է Ղազախստանից, բայց Երևանն ամենևին էլ անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ այսօր կատարվում է այնտեղ։ PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը դրա մի քանի պատճառներ է նշել: Նախ՝ Երևանը պարզապես պարտավոր է ուշադիր հետևել բոլոր այն իրադարձություններին, որտեղ երևում է թուրքական հետքը՝ հաշվի առնելով այն, որ Անկարան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։ Դա արդեն իսկ դրսևորվել է 44- օրյա պատերազմի ընթացքում Անկարայի կողմից Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու միջոցով։


Այժմ Անկարան դիվանագիտորեն է գործում՝ հայտարարելով Երևանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին, բայց միայն հաշվի առնելով նաև Բաքվի պայմանները։ Իսկ դրանց թվում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ինքնիշխան միջանցքի տրամադրումը և Արցախին աջակցելուց Երևանի հրաժարումը նախատեսող խաղաղության պայմանագրի ստորագրումով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական Ասիայում վարում է «թուրքական աշխարհի» տարածման քաղաքականություն։ Արդեն ստեղծվել է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, հայտարարվել են ինտեգրացիոն ծրագրեր՝ ընդհուպ մինչև «Մեծ Թուրանի» միացյալ բանակի ստեղծումը։ Ղազախստանն ակտիվորեն մասնակցում է այդ բոլոր գործընթացներին։ Չնայած այն հանգամանքին, որ, ընդհանուր առմամբ, Նուր-Սուլթանի և Երևանի միջև առկա են հավասարազոր հարաբերություններ, հայ-ադրբեջանական դիմակայության հարցերում Ղազախստանն ավելի հաճախ է դիրքավորվում Բաքվի դիրքորոշման ուղղությամբ։


Այդպես էր Նուրսուլթան Նազարբաևի նախագահության ժամանակ, և այդպես է հիմա՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի օրոք, որը թյուրքալեզու պետությունների գագաթաժողովում շնորհավորել էր Իլհամ Ալիևին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Այսինքն, շնորհավորել էր ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄում Ղազախստանի դաշնակցի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ ՀԱՊԿ-ի զուսպ արձագանքը Ադրբեջանի հետ սահմանային վեճերում Հայաստանի աջակցության խնդրանքներին, ի թիվս այլ բաների, բացատրվում էր Բաքվի և Աստանայի սերտ հարաբերություններով։ Բայց այսօր իրողություններն այնպիսին են, որ Տոկաևին կարգուկանոնը վերականգնելու հարցում աջակցություն է ցուցաբերում ոչ թե «Մեծ Թուրանի» բանակը, այլ ՀԱՊԿ-ը, այդ թվում՝ Հայաստանը, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կերպով է արձագանքել Ղազախստանի օգնության կոչին, ինչն, ի դեպ, իր վրա է ուղղել բազմաթիվ քննադատական սլաքներ՝ սկսած տեղացի արևմտամետներից և վերջացրած Գարրի Կասպարովով:


Երևանն իսկապես շահագրգռված է Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնման հարցում, թեկուզ միայն այն պատճառով, որ քաոսը, ի վերջո, կհանգեցնի թուրքական գործոնի ուժեղացմանը, որն արդեն իսկ ուժեղ է այդ հանրապետության հարավային շրջաններում։ Երևանի հետաքրքրության վրա ազդող մեկ այլ գործոն էլ այն է, որ Ղազախստանի իրադարձությունները, կարծես թե, ՀԱՊԿ-ի ուժի փորձություն են։ Եթե հնարավոր լինի օգտակար կերպով իրականացնել խաղաղապահ առաքելությունը, դա կնպաստի կազմակերպության հեղինակության բարձրացմանը։ Երևանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ի հաջողությունը Ղազախստանում կնպաստի անդամ երկրների համախմբմանը և արդյունքում նրանց ավելի ակտիվ ներգրավմանը հայ-ադրբեջանական վեճերի կարգավորման գործընթացում։


Նկատենք, որ, ի տարբերություն ՀԱՊԿ երկրների, որոնք միանշանակ աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահին, Անկարան և Բաքուն սկզբում զուսպ են արձագանքել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրավիճակը՝ եզրափակելով այն խաղաղ կարգավորման մասին ընդհանուր ցանկությունների արտահայտություններով։ Բայց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը, և տեղեկություններ հայտնվեցին, որ Տոկաևին հաջողվում է իրավիճակը վերահսկողության տակ առնել, Էրդողանը անհանգստացավ և սկսեց բանակցել թյուրքական միության մաս կազմող պետությունների ղեկավարների հետ։ Վերջապես երրորդ գործոնն այն է, որ Ղազախստանում ապրում է մոտ 25 հազար հայ։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական դիտորդ Արման Աբովյանը գրել է, որ «Ղազախստանում վաղուց է նկատվում բնակչության ակտիվ թուրքացում հակահայկական քարոզչության տարրերով»։ Եվ դրանք միայն խոսքեր չեն:


2018 թվականին Կարագանդայում կենցաղային հակամարտությունը վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի ղազախների և հայերի միջև։ Բարեբախտաբար, ջարդերը ժամանակին կանխվել էին։ Ամփոփում. Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կանխատեսումը ճիշտ կստացվի, և իրավիճակը Ղազախստանում կկայունանա եթե ոչ մի քանի օրվա ընթացքում, ապա շաբաթների ընթացքում։ Բայց Հայաստանում էլ են հասկանում, որ նման ուժի պայթյունի օջախները հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջությամբ վերացնել, քանի որ դրանք պատահականորեն չեն առաջացել։ Կիսելով Տոկաևի կարծիքը, որ անկարգությունների հետևում կանգնած են արտաքին ուժեր, Երևանի շատ փորձագետներ վստահ են՝ հենց թուրքական գործոնն է այդ ուժը... Իսկ հիմա նաև տեղեկություններ են հայտնվել, որ Ղազախստանում ապստամբները գրավել են շինություններ՝ օգտագործելով Թուրքիայում արտադրված զենքեր։
«Փաստ» օրաթերթ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր