Փաշինյանի համար անվստահելի են անգամ սեփական կուսակիցները.ՔՊ-ում դեմ են սեր ու հարգանք չվայելող Արայիկ Հարությունյանի թեկնածությանը

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանն առանձնապես սեր ու հարգանք չի վայելում նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերում, իշխանության մեջ էլ նրան ոչ միանշանակ են վերաբերվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագրում» հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի «աչք ու ականջ», ցանկացած տեղեկություն նա հասցնում է Փաշինյանին, ընդ որում՝ իրեն ձեռնտու շեշտադրումներով։ Կադրային հարցերում էլ Արայիկ Հարությունյանը բազմիցս խոչընդոտել է փաշինյանական պաշտոնյաներին և պատգամավորներին։ Զարմանալի չէ, որ իշխող ուժի անդամները դժկամությամբ են քվեարկելու նրա օգտին, եթե Փաշինյանը որոշի առաջադրել նրա թեկնածությունը։ Մասնավորապես, ԱԺ իշխող խմբակցությունում առաջարկել են նախագահի պաշտոնում առաջադրել ցանկացած այլ թեկնածուի, միայն ոչ Հարությունյանին։
Շրջանառվում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի անունները, նույնիսկ պատրաստ են քվեարկել Լենա Նազարյանի օգտին։ Մի խումբ էլ այդ բուռն քննարկումներում առաջարկում է թեկնածու ընտրել ոչ կուսակցությունից, այլ արբանյակ ուժերի որևէ ղեկավարի։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ու իր հին գվարդիան հստակ հասկացրել են, թե չեն ցանկանում անվստահելի որևէ անձի ընտրել նախագահի պաշտոնում։ Փաշինյանի համար, ի դեպ, անվստահելի են անգամ սեփական կուսակիցները։ Նա շփվում է ՔՊ վարչության մի նեղ շերտի հետ, հարցրեը քննարկում նրանց հետ, իսկ վերջում կուսակիցներին դնում փաստի առջև։ Ամեն դեպքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեռ հույսեր ունեն, որ կհաջողվի չեզոքացնել Արայիկ Հարությունյանի առաջադրումը նախագահի պաշտոնի համար։
1or.am