ՌԴ ՕՏՈւ–ն հաջողությամբ է իրականացրել աերոբալիստիկ գերձայնային հրթիռների արձակումը.Կրեմլը ներկայացրել է ռազմավարական ուժերի զորավարժությունների մանրամասները
Կրեմլը ներկայացրել է ռազմավարական ուժերի զորավարժությունների մանրամասները։
Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը (ՕՏՈւ) զորավարժությունների ընթացքում հաջողությամբ են իրականացրել «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռների արձակումները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՌԴ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ իրականացվել է ռազմավարական զսպման ուժերի պլանավորված վարժանք, որի ընթացքում իրականացվել են բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ։ Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևել է զորավարժություններին։
Նշվում է նաև, որ Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի նավերն ու սուզանավերը «Կալիբր» թևավոր հրթիռներ և «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ են արձակել ծովային և ցամաքային թիրախների ուղղությամբ։
«Կապուստին Յար» զորավարժարանում իրականացվել է ցամաքային տեղակայման թևավոր «Իսկանդեր» հրթիռի պրակտիկ արձակում, Կամչատկայում «Պլեսեցկից» արձակում է իրականացվել «Կուրա» զորավարժարանի ուղղությամբ «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռից։
Տու-95ՄՍ հեռավոր ավիացիայի ռազմավարական հրթիռակիրներից արձակված օդային տեղակայման թևավոր հրթիռները թիրախներ են խոցել «Պեմբոյ» և «Կուրա» զորավարժարանում։ Բարենցի ծովից «Կարելիա» ատոմային հածանավից «Կուրա» զորավարժարանի ուղղությամբ իրականացվել է «Սինևա» բալիստիկ հրթիռի արձակում։
Նշվում է, որ վարժանքներին ներգրավվել են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի ուժերը։