«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

19 մար 2022 10:17

Կրեմլում դժվար թե ցանկանան առճակատվել Բաքվի հետ.Ադրբեջանը կփորձի ռուս-ուկրաինական պատերազմից իր համար առավելագույն օգուտները կորզել․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ադրբեջանական կողմը կարող է գնալ զանազան սադրանքների՝ մի կողմից արցախահայության կամքն ընկճելու եւ արտագաղթելու տրամադրություններ սերմանելու նպատակով, իսկ մյուս կողմից՝ ՀՀ գործող իշխանություներին զանազան զիջումների մղելու համար:


-Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից հեռացվելու շեմին է, ընթանում է Ռուսաստանի՝ այսպես ասած մեկուսացման գործընթաց: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ի մեկուսացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես արտաքին քաղաքականության ասպարեզում:


-Եվրասիայի վերաֆորմատավորման ընթացիկ փուլում կարող է գործարկվել «ԽՍՀՄ-2» մոսկովյան նախագիծը, որի՝ այս պայմանական անվանումը դրա իրական բովանդակության ու ռազմավարական նպատակների հետ ոչ մի առարկայական կապ չի ունենալու: Այս նախագծի կարեւորագույն բաղադրատարրերից մեկը Ռուսաստանի կատարյալ անջրպետվելն է Եվրոպայից: Դժվար է այս պահին ստույգ կանխատեսել՝ արդյոք Մոսկվան Երեւանին Արեւմուտքից սահմանազատվելու կոշտ պահանջ կդնի՞, թե՞ կնախընտրի հայկական «դուռն» իր կարիքների համար դեռեւս բաց պահել ՝ սա մարտավարական հարց է:


-Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում ադրբեջանական ներխուժումներ կան եւ դրանք, ցավոք, շարունակական բնույթ են կրում: Խաղաղության դարաշրջան բացելու՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններն արդյոք համարժե՞ք են այս իրավիճակին: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ի՞նչ եք կարծում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ա՞ճ կգրանցվի:


-Ադրբեջանական կողմը կարող է գնալ զանազան սադրանքների՝ մի կողմից արցախահայության կամքն ընկճելու եւ արտագաղթելու տրամադրություններ սերմանելու նպատակով, իսկ մյուս կողմից՝ ՀՀ գործող իշխանություներին զանազան զիջումների մղելու համար: Ուկրաինական պատերազմը Մոսկվայի համար Արցախի հետ կապված մտահոգություններն «օրինաչափորեն» ետին պլան են մղում՝ Կրեմլում դժվար թե ցանկանան առճակատվել Բաքվի հետ: Ինքներս շատ դեպքերում պետք է ելքեր գտնենք ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կանխելու կամ չեզոքացնելու համար: Ընդ որում, դա պետք է արվի ինչպես քաղաքական-դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործիքակազմի կիրառմամբ:


-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի 6 նախապայմաններին ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը, որում չկար հստակ արձանագրում, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով չի ընդունում այդ նախապայմանները, եւ մյուս կողմից ինչի՞ մասին է վկայում հայկական կողմի դիմումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ բանակցություններ կազմակերպելու առիթով:


-Կարծում եմ, որ պաշտոնական Երեւանն այս կերպ ձգտում է առանց իրավիճակն ավելի սրելու կանխել Բաքվի ուղիղ ռազմական սպառնալիքների ու շատաժի մթնոլորտում հակառակորդի հետ «բանակցություններ» վարելու հեռանկարը: Արցախյան հիմնախնդրի կարգավորման նրբություններին լիարժեք տիրապետող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք անդամ-պետությունների միջնորդությունը տեսականորեն կարող է նախադրյալներ ապահովել արդար եւ իրավահավասար բանակցային միջավայր ձեւավորելու համար:


-Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից 2 օր անց պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ Հայաստանին ներկայացրել է առաջարկները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանդիպման արդյունքները:


-Որպես միջանկյալ արդյունք կարող ենք դիտարկել հենց Հայաստանի դիմումը Մինսկի խմբի երեք համանախագահ-պետություններին՝ հայ-ադրբեջանական բանակցություններին միջնորդի եւ, ըստ էության, նաեւ անկողմնակալ արբիտրի դերում մասնակցելու առաջարկով: Տեսնենք՝ ի՞նչ արձագանք կլինի Հայաստանի այս դիմումին:


-Պարոն Մելիքյան, ի՞նչ է այժմ կատարվում Արցախում: Գազամատակարարման անջատումները, հոգեբանական ճնշումները, հայկական բնակավայրերի գնդակոծությունները, լուրեր են շրջանառվում, թե ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնի ներքո հնարավոր է ռուսական ուժերն այնտեղից դուրս գան: Ձեր դիտարկմամբ, ի՞նչ է կատարվում:


-Արդեն նշեցի, որ ադրբեջանական կողմն իսկապես կփորձի ռուս-ուկրաինական պատերազմից իր համար առավելագույն օգուտները կորզել Արցախում: Այս նպատակով Բաքուն կարող է դիմել եւ դիմում է տարատեսակ սադրանքների, որոնց ռուս խաղաղապահների արձագանքը բավարար չափով արդյունավետ ու կոշտ կարող է եւ չլինել: Արցախի գազամատակարարման ընդհատման պատմությունն ասածիս վկայությունն է: Այդուհանդերձ ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումն Արցախից մոտակա առնվազն մեկ տարվա ընթացքում քիչ հավանական եմ համարում»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր