«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

06 ապր 2022 14:59

Ալիևը պարզաբանում է պահանջում Հայաստանից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

«Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին։ Զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը», – ասված է հաղորդագրությունում։

Ալիևը զրույցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը պետք է պարզաբանի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագիրը և տեղեկատվություն տրամադրի «ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր