Ամերիկացի գիտնականները 20 տարի հետո մտադիր են վերակենդանացնել 10 հազար տարի առաջ անհետացած մամոնտներին

Նախագծով զբաղվում են ամերիկյան Colossal ընկերության գենետիկները: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Բեն Լամը։ Ստարտափն արդեն հավաքել է 15 մլն դոլար։
Գիտնականները Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողների հետ միասին ծրագրում են վերակենդանացնել մամոնտներին։ Այսօր դրանցից մնացել են միայն թանգարաններում ցուցադրված կմախքները։
Փորձի ընթացքում գիտնականները նախատեսում են համատեղել մամոնտի և ասիական փղի սառեցված ԴՆԹ-ն։ Ըստ գենետիկների՝ այս կենդանիների գենոտիպերը 99 տոկոսով համընկնում են։ Սպասվում է, որ անհետացած հսկաները հարություն կառնեն մոտ 20 տարի հետո:
«Մամոնտը, որի վրա մենք աշխատում ենք, կունենա աֆրիկյան փղի չափ»,- բացատրել է Բեն Լամը:
Փորձագետների կարծիքով՝ փորձը մեծ հնարավորություններ կբացի գիտության համար՝ վերստեղծելու նախկինում անհետացած կենդանիների բազմաթիվ տեսակներ: