Նոյեմբերի 7-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Նոյեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ջո Բայդենը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ    

20 ապր 2022 13:15

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու նրա գործընկերները համաձայնության են եկել, որ չպետք է թույլ տան ռուսական բանակի հաղթանակն Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու նրա գործընկերները Սպիտակ տան հետ տեսակոնֆերանսի ժամանակ համաձայնության են եկել, որ չպետք է թույլ տան ռուսական բանակի հաղթանակն Ուկրաինայում, գրում է VOA-ն։ Այս պայմանավորվածության մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը խոսել է երեքշաբթի օրը արևմտյան առաջնորդների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Տեսակոնֆերանսին Շոլցից բացի մասնակցել են ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Իտալիայի վարչապետները, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության առաջնորդներ։ «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք բացարձակապես միակարծիք ենք, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում»,- ասել է Շոլցը։
 
Կանցլերը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետևյալ խոսքերով. «Դադարեցրե՛ք ուկրաինական քաղաքների գնդակոծությունը, թույլ տվեք անհապաղ զինադադար հաստատել և հետ քաշեք ձեր զինվորներին։ Դադարեցրեք այս սարսափելի պատերազմը»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից տեսակոնֆերանսից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «առաջնորդները պայմանավորվել են համատեղ աշխատել անվտանգության երկարաժամկետ լուծում գտնելու համար, որպեսզի Ուկրաինան կրկին նման հարձակման չենթարկվի»:
 
ԱՄՆ-ն, իր հերթին, կմեծացնի Ուկրաինա հրետանու մատակարարումները, ասել է նախագահ Բայդենը՝ տեսակոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում ։ Վիրտուալ հանդիպման ժամանակ Բայդենը, մասնավորապես, լսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի տեսակետները Ուկրաինայում իրավիճակի զարգացման և պատերազմի ավարտից հետո պաշտոնական Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։
 
Ըստ Ֆրանսիայի՝ այդ երաշխիքներն ավելի շատ նման կլինեն ԵՄ կանոնադրությանը՝ անդամ երկրների հավաքական պաշտպանության վերաբերյալ, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, համաձայն որի՝ հարձակումը դաշինքի մաս կազմող մի երկրի վրա հարձակում է դաշինքին անդամ բոլոր պետությունների վրա։

Այս պահին ԱՄՆ-ը Մոսկվայի գործողությունները դիտարկում է որպես Ուկրաինայի արևելքում ավելի լայնածավալ հարձակողական ռազմական գործողության «նախերգանք», գրում է Reuters-ը ՝մեջբերելով Սպիտակ տան սեփական անանուն աղբյուրին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր