Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար Փաշինյանին ուղեկցող անձնակազմի ներկայացուցիչը՝ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել»,- հայտնում են քննչական կոմիտեից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին և մասնակցել կատարվող քննչական գործողություններին, երբ դեպքի մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին։
Վերջինս ձերբակալվել է:
Ինչպես արդեն հայտնի է՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել 19 տարեկան երիտասարդ հղի կնոջ, որը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է։