Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 մայիս 2022 12:17

Դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի.Արթուր Դավթյանը «Մարտի 1»–ի և «Հոկտեմբերի 27-ի» քր գործերի մասին

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։

«Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը։

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ  այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։

«Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։

Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր