Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

06 մայիս 2022 13:34

Ադրբեջանցիները գոհ են հայ ոստիկաննների աշխատանքից, Հայաստանում ռեւանշիստների կողմից սանձազերծված փողոցային շարժմամբ ուզում են փրկել Հայաստանն ու Ղարաբաղը

Ադրբեջանական մամուլն անդրադառնում է Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձություններին: Ակնհայտորեն, ադրբեջանցիներին մտահոգում է, թե մեր երկրում ինչ է կատարվում, եւ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգն էլ անհանգստացնում է նրանց: Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով վերջին զարգացումներին, գրել է. «Հայաստանում ռեւանշիստների կողմից սանձազերծված փողոցային շարժումը, նպատակ ունենալով տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ դրա կազմակերպիչների՝ արդեն երրորդ օրն է, ինչ «վճռական փուլում է»։ «Վճռորոշ փուլը», ինչպես պատկերացրել են ընդդիմադիրները, ենթադրում է հանրահավաքներ Երեւանի կենտրոնական հրապարակներում՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժը գլխավոր մայրուղիներով եւ երթերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Բողոքի հիմնական ուժը դաշնակցականներն են, ինչպես նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Նրանց հայտարարած նպատակը վարչապետ Փաշինյանին տապալելն է՝ «Հայաստանն ու Ղարաբաղը փրկելու համար»։ Այսօր գլխավորն Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների ձախողումն է։ Դե, առավելագույն ծրագիրն իշխանության զավթումն է: «Հայաստանն ու Ղարաբաղը փրկելու» մասին հայկական նոր թոհուբոհի կազմակերպիչների բոլոր ամպագոռգոռ խոսքերի հետեւում հստակ երեւում է մեկ բան՝ իշխանություն եւ վրեժխնդրություն։ Նրանց դուր չի գալիս Ղարաբաղի հարցում «նշաձողն իջեցնելու»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի որոշումը։ Նրանք դեռ փայփայում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքում «ազատ Արցախի» երազանքները։ Եվ սա, ինչ էլ ասեն ամենատարբեր հայ նախկինները, Հայաստանի համար լավագույն դեպքում նշանակում է նոր ստատուս քվո, իսկ վատագույն դեպքում՝ նոր պատերազմ»։ 

Ադրբեջանական մամուլը բազմիցս է հանդես եկել «Հայաստանի օրինական ղեկավար» Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ: Իսկ երեկվա հրապարակումներից մեկում արդեն գոհունակություն են հայտնում հայաստանյան ոստիկանների աշխատանքից. «Պետք է ասեմ, որ օրենքի եւ կարգի ուժերն անշեղորեն հսկում են օրինական իշխանություններին, ամեն ինչ անելով՝ դադարեցնելու ցուցարարների նախաձեռնած անկարգությունները։ Ոստիկանների կողմից ընդդիմության կողմն անցնելու դեպքեր չեն գրանցվել, ավելին՝ ոստիկանների գործողությունները գնալով ավելի ու ավելի են կոշտանում։ Ամեն դեպքում, բերման ենթարկված ցուցարարների թիվն ամեն ժամ ավելանում է»։
Ադրբեջանական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաեւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն բերման ենթարկելու հանգամանքը․ «Մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ հայ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության ակցիա են անցկացրել՝ փակելով Մյասնիկյան պողոտան»։

«Մի քանի րոպե անց կարմիր բերետավորները եկան եւ առանց որեւէ նախազգուշացման, գետնին տապալելով, ասֆալտի վրա քարշ տալով՝ ցուցարարներին նետեցին ոստիկանական մեքենաների մեջ։ Իգոր Խաչատուրովը նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք»: 

ՀԳ․ Այսպես եթե շարունակվի, ՀՀ ոստիկանները պարգեւավճարներ կստանան նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից…

«Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր