Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասին
![](https://www.tert.am/news_images/1268/3803748_1/f6288b220a1e18_6288b220a1e54.thumb.jpg)
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում:
«Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», - ասաց փաստաբանը:
Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում:
«Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», - լրագրողներին ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ:
Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով: