Փրկարար ծառայությունը բոլորին էլ փրկում է ու եթե կարիք կլինի փրկելու ընդդիմությանը, մենք կմտածենք այդ մասին

Նա պատասխանեց. «Ես այդ հրապարակմանը այսօր ծանոթացել եմ, ընդհանուր առմամբ չեմ մեկնաբանում այդ հրապարակումը, բայց ուզում եմ նշեմ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում չի կարող լինել երկիշխանություն: Նախարարությունում կա նախարար, կան ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, ենթակա մարմիններ եւ բոլորը սինքրոն ու համերաշխ աշխատում են:
Նման մթնոլորտ չկա եւ չի կարող լինել»: Նախարարին նաեւ կատակով հարցրեցինք՝ ընդդիմությունը հայտարարում է, որ փրկում է Արցախը, փրկարար ծառայությունը մտադիր չէ՞ գնալ Ֆրանսիայի հրապարակ ու մասնակցել այդ աշխատանքներին: Նախարարը պատասխանեց. «Փրկարար ծառայությունը բոլորին էլ փրկում է ու եթե կարիք կլինի փրկելու ընդդիմությանը, մենք կմտածենք այդ մասին»: Ճշտեցինք՝ մենակ ընդդիմությա՞նն եք պատրաստ փրկել, ո՞չ թե Արցախը՝ նախարարը պատասխանեց. «Այո, Արցախի հետ կապված չեմ ուզում հումորային պատասխանեմ: Ես բնականաբար չեմ կիսում ընդդիմության պահանջը եւ այդ շարժման գաղափարները: Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունների ու Արցախի իշխանությունների սինքրոն աշխատանքն է հենց Արցախի փրկությունը»:
Հարցին՝ ինչո՞ւ չեք կիսում ընդդիմության ծրագրերը, որովհետեւ իշխանության թիմի մաս եք, իշխանական աթոռը թույլ չի՞ տալիս ավելի օբյեկտիվ նայել՝ Փամբուխչյանը պատասխանեց. «Իշխանական աթոռը կապ չունի, այդ աթոռը միշտ ժամանակավոր է ու բացարձակ կապ չունի: Ես այն ժամանակ էլ եղել եմ այսօրվա ընդդիմության ընդդիմադիր»:
Դիտարկմանը, որ դուք էլ փողոցային ճանապարհով իշխանության եք եկել ու հիմա ձեզ մեղադրում են, որ ծաղրում եք այսօրվա ընդդիմադիրներին, որոնք փողոցում պայքարում են՝ նա արձագանքեց. «Չեմ ծաղրում, հումորային հարց տվեցիք, հումորային պատասխանեցի: Բնականաբար, չեմ կիսում ընդդիմության մոտեցումները, եթե կիսեի, չէի լինի իշխանություն: Շատ պարզ է»: Հարցին՝ այսինքն, թիմային շահերո՞վ եք առաջնորդվում՝ Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Չէ, նաեւ գաղափարական: Ես տարիներ շարունակ այսօրվա ընդդիմության ընդդիմադիրն եմ եղել»: