Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»          Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

03 հոկ 2022 16:06

Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սահմանվել է զինված հերթապահություն. ԱԻՆ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:


ԱԻՆ-ից  հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:


ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117 330 զանգ, որից 3411-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ:


Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։


Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով։


«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք, 5.4 մագնիտուդով։


Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-19-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։ Իրականացվել են գործնական շփումներ տարբեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ։


ՌՀՄԱԿ աշխատակիցները «Սուրմալու» տոնավաճառում շուրջօրյա հերթափոխով մասնակցել են որոնողափրկարարական միջոցառումներին՝ տրամադրելով անհրաժեշտ փրկարարական տեխնիկա և սարքավորումներ։


Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի զեկույցի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մանկավարժության ամբիոնը երաշխավորել է հրատարակության «Ճգնաժամ հաղթահարողներ» 4-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը։ Պատրաստ է նաև «Ճգնաժամ հաղթահարողներ» 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը, ընթացքի մեջ են 6-րդ դասարանի համար նախատեսված նյութերը։


Նիստի ավարտին նախարարի հրամանով գերատեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ:


ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից սերտ համագործակցության համար պարգևատրվել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր