Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 հուն 2022 15:11

ԱԱԾ-ն կաշկանդված է Գագիկ Ջհանգիրյանի զբաղեցրած պաշտոնով. զինծառայող Արման Հակոբյանի սպանության վարույթը կարճվել է, տուժող կողմը պնդում է՝ ոչ ոք անպատիժ չպետք է մնա

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով իրավական գնահատականներ պետք է տրվեին 2000թ. սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին, այդ թվում` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, սակայն, ինչպես տեսնում ենք, ԱԱԾ-ն կաշկանդված է վերջինիս զբաղեցրած պաշտոնեական դիրքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ 


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զինծառայող Արման Հակոբյանի սպանության գործը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգած դատախազը եղել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը հարցաքննվել էր բոլորովին վերջերս՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։


«Այն պահից, երբ քրեական գործով պարզվել էր, որ գործի վարույթն ապօրինի կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգած միակ դատախազը Գագիկ Ջհանգիրյանն է եղել, այդ պահից գործի քննությունը դադարեց արդյունավետ լինել, ավելին` այն կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Իսկ մինչ այդ քննիչների հարցադրումներն այսպիսին էին` «Ի՞նչ կասեք այս կամ այն հարցի վերաբերյալ, քանի որ այլևս անհերքելի է, որ այդ անձանց մեղադրանք է առաջադրվել այն նույն ապացույցների հիման վրա, որոնք առկա էին դեռևս յոթ տարի առաջ և ուրիշ ապացույց չի ավելացել յոթ տարի անց»»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ բողոք էր ներկայացրել նշված որոշման դեմ գլխավոր դատախազին, որը մերժվել է՝ նույնաբովանդակ որոշմամբ։


«Անհիմն որոշումներ են, մեջբերված են որևէ առնչություն չունեցող նախադեպերով, փորձ է արվում արդարացնել Գագիկ Ջհանգիրյանի հանցավոր արարքները»,-նշեց Հայարփի Սարգսյանը՝ հավելելով, որ պատրաստում է բողոք ներկայացնել դատարան, թեև հասկանում է, որ որևէ ակնկալիք չպետք է ունենա այն դատարաններից, որոնք վերահսկում է Գագիկ Ջհանգիրյանը։


Փաստաբանը մտադիր է սպառել ներպետական ատյանները եւ համապատասխան գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։


«Ոչ ոք անպատիժ չպետք է մնա, քանի որ մեր ողբերգությունների հիմքում միմիայն անպատժելիությունն է»,- ընդգծեց Սարգսյանը։


Հիշեցնենք, որ զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը՝ ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։


Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։




Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։


Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր