Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

22 հուն 2022 13:20

Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանում պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում և քարոզում ատելություն հայերի նկատմամբ

Եվրոպայի խորհուրդը և իր խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն և պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը եւ այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում հայտարարել է «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Ես բարձր եմ գնահատում այս զեկույցը՝ լավ գրված եւ ճիշտ ժամանակին: Քաղաքական կուսակցությունները, ի թիվս այլ գործող սուբյեկտների, պատասխանատվություն են կրում ատելության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում: Սակայն այսօր մենք հաճախ ենք տեսնում, որ քաղաքական կուսակցությունները դրա փոխարեն կառուցում են իրենց նախընտրական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ՝ գործողություններն ատելության, ռասիզմի և այլատյացության վրա:

Դա տեղի է ունենում Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից դուրս:

Երբեմն նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում և ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել եւ հաղթահարել այն ատելությունը, որը նրանք ստեղծել են և սերմանել:

Հատկապես վտանգավոր է, երբ անմիջական հարեւանությամբ ապրող հասարակության նկատմամբ է տարածվում ու քարոզվում նման ահռելի ատելություն: Եվ ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը, միեւնույն ժամանակ, խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում:

Դուք շատ լավ գիտեք Բաքվի Ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը եւ անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության եւ ռասիզմի դեպք էր: Հայ զինվորների մանեկենները հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա:

Արդարադատության միջազգային դատարանն արդեն ներկայացրել է միջանկյալ որոշում՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության եւ խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների եւ հասարակական հաստատությունների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ»: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանում պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում եւ քարոզում ատելություն հայերի նկատմամբ:

Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը եւ իր խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն եւ պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը եւ այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով, եւ մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:sharethis sharing button

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր