Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվելով փորձելու են ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը

Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:
Նոր գրանցում ստացած այս հիմնադրամի առաջին ընդհանուր ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին և դրանով կավարտվի «TEKAR»-ի կազմավորման իրավական ընթացակարգը։ Գրող, լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Արիֆ Դեմիրերը, ով հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է, կլինի նաև «TEKAR» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։
Հիմնադրամը նաև աշխատանքային պլան է մշակել, որտեղ նշված է, որ իրենք ցանկանում են ապահովել ճիշտ ժամանակագրական հաջորդականություն՝ ներկայացնելով 1914-1924 թթ. տեղի ունեցած իրադարձություններն «առողջ մոտեցումներով»: Բնականաբար, իրենց «առողջ մոտեցումը» նշանակում է ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը։
Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել Էսաթ Ուրասի գիրքը, որում զետեղված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայացքները, մտքերն ու հայտարարությունները հայերի, նրանց ծավալած գործունեության և հայերի հետ փոխհարաբերությունների մասին։