Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

30 հուն 2022 12:25

2023 թվականի հունվարի 1-ից բարձր թոշակ ու աշխատավարձ. ինչ է սպասվում Հայաստանում 2023-2025 թվականներին

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, թե 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է հաջորդ երեք տարիների կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը։

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը կառուցված  է կառավարության 2021-2026 թվականների  գործունեության ծրագրով սահմանված նպատակների ու  քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան և  ներառում է  հարկաբյուջետային ու ծախսային այնպիսի առանձնահատկություններ, որոնք պետք է նպաստեն  կառավարության  ծրագրի արդյունավետ ու ժամանակին իրագործմանը։
«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համահունչ՝ 2023 թվականին  ու հաջորդող երկու տարիներին  հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի  թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական  ներդրումների մասնաբաժնի էական մեծացումն ու  ծախսերի իրականացման արդյունավետության  բարձրացումը։ Դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման ու, այդպիսով, մակրոտնտեսական  կայունության երաշխավորման պայմաններում», - ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝  նախնական գնահատականներով՝  հարկաբյուջետային քաղաքականության կարևոր  ցուցանիշներն  այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում, մասնավորապես, կառավարության պարտքը  ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան  նախատեսված է ու չի գերազանցի  ՀՆԱ-ի  60 տոկոսը՝ սահմանված 60,2 տոկոսի փոխարեն։

Հարկային եկամուտները, ըստ ֆինանսների նախարարի, կգերազանցեն  ՀՆԱ-ի նկատմամբ 23,4 տոկոսը. այս տարվա համար սահմանված  թիրախն է։ Պետական բյուջեի  ծախսերի ֆինանսավորումն ավելի  մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին ու ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի  նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը։
Այս  տարվա հինգ ամիսների արդյունքում արձանագրված  տնտեսական  ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10,2 տոկոս, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս աճով։

Խաչատրյանի խոսքով՝ դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում  հիմնական ապրանքների ու ծառայությունների գների զգալի բարձրացմամբ։

«Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայի հետ կապված անորոշություններն ու դրա արդյունքում Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ, այսօրվա դրությամբ, առկա են  բավարար նախադրյալներ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար, մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7 տոկոս, միջնաժամկետում թիրախին  հասնելու նպատակին կնպաստի  առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացվող կապիտալ ծախսերի ծավալը, որոնք այս տարվա համար  ծրագրված ՀՆԱ-ի 4,5 տոկոսից կբարձրանան ու 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6 տոկոսի սահմաններում», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե տեղի կունենա  ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության  պարտքի ցուցանիշների բարելավում ու ծրագրի վերջին տարվա ընթացքում այն կգտնվի 55-56 տոկոսի սահմաններում։

2023 թվականին նախատեսվում է Արցախին հատկացվող աջակցությունը պահպանել այս տարվա  համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 միլիարդ դրամի չափով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե նախատեսում են, որ 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացում տեղի կունենա, դրա մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեն։ Կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը՝ 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր