ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

11 հուլ 2022 15:44

Հաշմանադամություն ունեցող երեխաների պետպատվերի քանակն էլ կրճատվեց, իսկ նախարարությունն էլ հորդորում է ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին

Հաշմանադամություն ունեցող երեխաների ծնողներն այսօր հավաքվել են առողջապահության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ծնողներից Ռուզան Համբարձումյանը ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց լուծման պահանջով են հավաքվել պետական գերատեսչության դիմաց։

«Կրճատվել է պետպատվերի քանակը, ինչի հետևանքով երեխաների առողջական վիճակը վատացել է։ Խնդիրներ ունենք նաև անկանխիկ վճարումների օրենքի պատճառով, քանի հաշմանդամություն ունեցող երեխայի հետ՝ սայլակով, քայլակով կամ գրկած պետք է բանկում հերթ կանգնենք, կամ եթե ԴԱՀԿ-ն կալանք է դրած լինում ընտանիքի հաշվին, այդ ժամանակ վճարումներ ընդհանրապես չեն կարողանում կատարել։

Նաև տրված քայլակը, կանգնակը, կոշիկներն անորակ են։ Շատ ընտանիքներ հացի խնդրի առաջ են կանգնած»,- ասաց Ռ. Համբարձումյանը։

Նա նշեց, որ արդեն 2-3 տարի է պետպատվերը 3-4 անգամից կրճատվել է 2 անգամի. «Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը բավականին շատացել է։ Պատկերացրեք, առաջին պետպատվերը վերցնելուց հետո, որպեսզի երեխան գնա վերականգնողական կենտրոն, երկրորդը պետք է լինի 6 ամիս հետո, այդ 6 ամիս հետոյի հերթը չի հասնում, հետևաբար այդ  նույն երեխան տարեկան վերականգնողական կենտրոն գնում է ոչ թե երկու, այլ մեկ անգամ։ Իսկ այն ժամանակ, երբ 3-4 անգամ էր, գոնե տարբեր  կենտրոններ տանելով՝ այդ երեխաների 3-4 անգամ բուժման կուրսն  ապահովվում էր։
Այսօր մեր երեխաները կանգնել են լուրջ խնդրի առաջ՝  մկանային ցավեր, ջղաձգումներ։ Բուժման կուրսի ինտերվալը շատ է, մինչև հաջորդ կուրսը  կամ զոյական մակարդակից ենք նորից սկսում, առաջընթաց չենք ունենում, վատագույն դեպքում երեխաների մոտ հավելյալ խնդիրներ են առաջանում։

Կան երեխաներ, ովքեր հասունացման, դեռահասունացման փուլում են, ցնցումներ են տանում, իսկ ցնցումները բավականին բարդ պրոցես է։ Մայրիկներից մեկին նոր ճանապարհեցինք,  հաշմանդամություն ունեցող 6 տարեկան երեխան ցնցման  հետևանքով մահացել էր»։
Ծնողներից մեկի խոսքով, երկու պետպատվեր ունենալը նշանակում է չունենալ ոչինչ։

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները նաև խնդիրների թվում նշեցին թեքահարթակներ, հարմարեցված վերալակներ չլինելու հանգամանքը, տրանսպորտը։
Ծնողները նախկինում էլ իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնել են, դիմել առողջապահության նախարարություն։

«Մտավախություն կա, որ որևէ բան չի էլ փոխվի։ Երբ առաջին անգամ 300-400 ծնողով կարողացանք ներկա գտնվել ու ստորագրություններ տալ, դրանից հետո ասում են՝ ոչ մի բողոք չի եղել, պատկերացրեք հիմա, մի փոքր քիչ են ստորագրությունները, քանի որ շատ ծնողներ մարզերից են, գումար չունենալու պատճառով չեն կարողացել այսօր գալ այստեղ»,- ասաց Ռ.Համբարձումյանը։

Ծնողներն իրենց ստորագրություններով նամակը հանձնեցին ընդունարան, որտեղից փոխանցել են՝ ամենաքիչը աշխատանքային 5 օրվա, ամենաշատը՝ աշխատանքային 30 օրվա ընթացքում պատասխան կստանան։  Ինչպես նշեցին ծնողները, ընդունելության մասին անգամ որևէ խոսք չկա։
Որևէ արդյունքի չհասնելու դեպքում ծնողներն ասացին, որ կդիմեն այլ քայլերի։
Առողջապահության նախարարությունը ծնողների ակցիայից հետո հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մի շարք ծառայությունների մասով բյուջետային հատկացումներն ավելացել են։
«Առողջապահության նախարարությունը փաստում է, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային և արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշակական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները և սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։
Մասնավորապես` 2021 թվականին մատուցված արտահիվանդանոցային ծառայությունները 2018թ-ի համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021թ-ին կազմել է 845,5 մլն ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ.-ի համեմատ կազմել է 72%: 2022թ.-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 320,6 մլն ՀՀ դրամ։

Հաշվի առնելով վերոնշյալը` առողջապահության նախարարությունը հորդորում է սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել ու չապակողմնորոշել քաղաքացիներին»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր