Ռուսները նոր ռազմաբազա՞ են կառուցում Տավուշում.Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:«Հրապարակ»

Բայց, ըստ էության, սա նոր ռազմաբազայի տեղաբաշխման մասին որոշում է, որի վերաբերյալ առանձին՝ թիվ 2 արձանագրություն է ստորագրվելու: Դրան հետեւելու է միջազգային պայմանագրի ստորագրումը, որը դեռ վերջնականապես մշակված չէ եւ պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, ապա ստորագրվի երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այսինքն, ագրեսորների համար այնքան էլ հեշտ չի լինի նոր պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը՝ ռուսները կներգրավվեն այդ պատերազմում։ Եվ երկրորդ հանգամանքը կա՝ սրանով Ռուսաստանն իրավունքներ է ամրագրում եւ հայտ ներկայացնում տարածաշրջանում, գուցե նաեւ հող է նախապատրաստում նոր միության ձեւավորման համար։
Ռուսական ռազմաբազային փոխանցվող հողատարածքները Նոյեմբերյան եւ Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում են: Մեր տեղեկություններով, դրանք տեղակայվելու են Այգեպար եւ Ոսկեպար բնակավայրերի, ինչպես նաեւ Նոյեմբերյան համայնքի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, այստեղ մոտ 2 հազար ռուս զինծառայող է բերվելու:
«Չէ, դա չափազանցված թիվ է: Որքան գիտեմ, մի կետ Այգեպարում է, մեկն էլ մեզ մոտ են սարքելու: Շինարարական աշխատանքներ դեռ չեն կատարվում, ընդամենը հողային աշխատանքներ են առայժմ կատարվում: Կառավարության որոշումը եղել է հողերի վերաբերյալ, մենք էլ հատկացրել ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը:
Բնակիչներն իրենց ավելի՞ ապահով կզգան, եթե այդտեղ ռուսական զորք լինի, թե՞ ոչ։ «Չենք իմանում, թե նպատակն ինչ է, որ դրանից մեզ ավելի ապահով ենք զգալու, թե անապահով: Չգիտենք էլ՝ դա բազա՞ է, թե՞ ինչ է: Կարող ա պատահի՝ մի 30-40 մարդ կանգնեն, ու վերջ: Դա էնպիսի բան է, որ մեզ չեն էլ տեղեկացնի, ուղղակի կառավարության որոշում է, անում ենք։ Հիմա թե վերջում ինչ է ստացվելու, դա հետո կերեւա»,- ասաց Աղբալյանը:
Մյուս կետը, որտեղ տեղակայվելու է ռուսական զորքը, Բերդ խոշորացված համայնքում է, Այգեպար բնակավայրից ոչ հեռու գտնվող հին, չգործող օդանավակայանի տարածքում: ԽՍՀՄ ժամանակ այստեղից Як-40 օդանավերն էին թռչում, հայերն ու թուրքերն ակտիվ անցուդարձի մեջ էին: Այսօր հին օդանավակայանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են, ռուսական զորքի համար արագ հավաքվող, կոմպակտ շինություն է կառուցվում:
Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը չգիտի, թե արդյոք կարելի՞ է նոր կառուցվող օբյեկտի անունը ռազմաբազա դնել: «Մարդիկ չգիտեն, թե դա ինչ է: Ինչ-որ շինարարություն է գնում, բայց ռուսական է, թե հայկական է, ժողովուրդը չգիտի: Էդ հողը մի կիլոմետրից ավելի մեզնից հեռու է, մեր համայնքինը չի: Նենց չի, որ մենք համայնքային հող ենք ունեցել ու տվել ենք, օդանավակայանի տարածքն է»:
Ըստ Արկադի Յամուկյանի, այսօր Այգեպարը խաղաղ է, կրակոցներ չկան, բայց պատճառն ամենեւին նոր ռազմաբազան չէ: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի հատ կրակոց էս կողմերում չի եղել: Մարդիկ, երեւի, հոգնել են կրակելուց, ոչ մի կրակոց չկա էս պահին»: Իսկ եթե ռուսական ներկայություն լինի, ավելի՞ հանգիստ կլինեն մարդիկ, որ պատերազմ չի լինի:
«Իմ անձնական կարծիքով՝ այո, բնակիչները հանգիստ կլինեն, եթե այդտեղ ռուսական ներկայություն լինի: Նենց չի, որ մենք նախկինում վախից մեռել ենք: Կռիվ էր, կռվում հո փլավ չե՞ն բաժանում: Էս պահին ոչ մի վատ բան չենք տեսնում, խաղաղ է»,- ասաց համայնքապետը:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կարծում է, որ Տավուշում նոր ռազմաբազայի ստեղծումը չի կարող կանխել պատերազմի վտանգը: «Դա շատ մեծ է, իսկ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կտրուկ նվազել է, դրանից օգտվելու են»,- ասաց նա:
-Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք հրատապ կարգով նոր ռազմաբազա բացել այստեղ:
-Կա փաստ, որ Ռուսաստանն Աբխազիայից ու Հարավային Օսիայից զորքեր է հանում եւ ուղարկում կռիվ՝ Ուկրաինա: Այս պայմաններում, եթե ՌԴ-ն Տավուշում նոր ռազմակայան է բացում, նշանակում է՝ ցույց է տալիս, որ ինքը դեռեւս կա տարածաշրջանում, հարցեր է լուծում: Երեւի թե փորձում է հսկիչ դեր խաղալ:
-Ինչո՞ւ Նոյեմբերյանում, ոչ թե, ասենք, Սյունիքում, որտեղ խնդիր ունենք:
-Գյումրու 102-րդ ռազմաբազան Թուրքիայի սահմանին է, իսկ սա Ադրբեջանի Հանրապետության սահմանին է: Ռուսներին, կարելի է ասել, ձեռք չի տալիս պատերազմն այս տարածաշրջանում, նոր ցնցում այստեղ պետք չէ: Ռազմաբազայի տեղակայումն ազդանշան է, որ մենք այստեղ ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն կատարում է իր դերը մեր հանդեպ, որովհետեւ կան Իշխանասարի եւ Սեւ լճի ուղղությամբ տարածքներ, որտեղ ներխուժել է թշնամին:
-Մարդիկ ավելի ապահովագրված չե՞ն զգա պատերազմի վտանգից:
-Կզգան, ինչ-որ չափով չեղածից լավ է, բայց եթե Հայաստանն ուզում է գոյատեւել, հույսը պետք է նախեւառաջ դնի իր վրա, սա օրենք է: Հասարակությունը հիմա շատ ընկճված է, տեսավ, որ իշխանությունն անզոր է, էն կողմը նախաձեռնող է, էս կողմը ոչինչ չի անում: Թեեւ ռուսների ազդեցությունը, դիրքն ու ուժը էապես նվազել են, Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ:
Բերդի, Նոյեմբերյանի բնակիչներն էլ երկու հույս ունեն՝ Տավուշում ռուսական ներկայության հետ կապված: Նախ՝ անվտանգային: Ադրբեջանի սահմանից 1 կմ այս կողմ գտնվող Այգեպարը մշտապես եղել է թշնամու կրակի տակ, տեղանքը բավականին ցածր է: Ադրբեջանական գյուղեր սահմանից այն կողմում չկան, եւ ադրբեջանցիները հանգիստ կրակում էին մերոնց ուղղությամբ: Հիմա դա հեշտ չի լինի անել: Երկրորդ՝ հնարավոր է, որ ռուսական ռազմաբազան նոր աշխատատեղերով ապահովի բնակիչներին, ու այդ դեպքում գործազրկությունն այս կողմերում կնվազի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում