«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

14 հուլ 2022 10:17

Մեծագույն ֆարս ու կեղծիք. հետզհետե վերածվում ենք սպասարկու երկրի. հանրությանը մոլորեցնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական հարաբերությունները բռնել են կարգավորման ուղին, և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն էլ այն ապացույցներից մեկն է, թե գործընթացը շատ արագ ու կայուն կերպով է առաջ գնում: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն առաջին հերթին ուղղված էր այդ իմիտացիայի տպավորությունն ամրապնդելուն:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ իրականում Էրդողանը հեռու է դիվանագիտական էթիկետը հարգելուց, իսկ տարբեր կրոնական ու պետական տոների հետ կապված հարևան կամ ոչ հարևան երկրների ղեկավարների հետ զրուցելը նրա համար առաջնահերթություն չէ: «Բացի այդ, Էրդողանը եղել ու շարունակում է մնալ ամենահակահայկական գործիչներից մեկը: Չմոռանանք իր ելույթը Բաքվում՝ 44-օրյա պատերազմից հետո: Մեծ հաշվով, նա մի անձ է, որը գովերգում ու արդարացնում է երիտթուրք ցեղասպաններին: Ակնկալել, որ Էրդողանը փոխել է իր մոտեցումները, իսկ այդ հեռախոսազրույցն Էրդողանի նվերն է հայությանը, ուղղակի դաժան միամտություն է, որը հայ ժողովրդին դարեր շարունակ ուղեկցում է»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը, ըստ որի, Վրաստանի վարչապետը իրեն էր փոխանցել Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը:

«Այդ ժամանակ հայտարարեց, որ եթե Փաշինյանն ուզում է իր հետ հանդիպել, ապա պետք է որոշակի քայլեր անի: Էրդողանը հստակ նախապայման էր դրել անգամ այս հեռախոսազրույցի համար: Այստեղ բարոյական կողմ էլ կա. Էրդողանը շարունակ վիրավորել է Հայաստանին, բացահայտ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում: Այսինքն, խոսել մի երկրի ղեկավարի հետ, որը մեղավոր է հազարավոր հայորդիների մահվան մեջ, և ցույց տալ, թե, ասես, ոչինչ չի եղել, այդքան էլ չի տեղավորվում բարոյականության սահմանների մեջ: Թուրքիայի որևէ նախապայման չի փոխվել, Թուրքիայի քաղաքականությունը 100 տարվա ընթացքում ևս չի փոխվել: Ինչպես 100 տարի առաջ, 100 տարի հետո, այսօր ևս Թուրքիայի և Ադրբեջանի այժմյան ղեկավարները խոսում են «Զանգեզուրի միջանցքի», Սյունիքն օկուպացնելու, Արցախի մասին: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների այս ոգևորությունը ու դրական շեշտադրումները, որ ցույց են տալիս պաշտոնական քարոզչամեքենայով, որևէ կապ չունեն իրականության հետ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանը 30 տարի է՝ հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

«Մինչդեռ 30 տարի շարունակ Թուրքիան մերժել է Հայաստանի այդ առաջարկը: Հիմա որևէ փոփոխություն չի եղել, Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել: Պարզապես հիմա հայ հանրությանը մոլորեցնում են՝ նշելով, թե իբրև գործընթացն առանց նախապայմանների է, որը մեծագույն ֆարս ու մեծագույն կեղծիք է: Ի դեպ, իշխանամետ տարբեր շրջանակներ խոսում են այն մասին, թե ՀՀ ղեկավարները նախկինում էլ են հանդիպել, շփվել Թուրքիայի ղեկավարության հետ: Նախկինում ՀՀ ղեկավարները հաղթած երկրի ղեկավարներ են եղել ու կարող էին խոսել: Նախկինում ՀՀ ղեկավարները չեն խոսել պարտվածի դիրքում և իրենց 5000 երիտասարդների մահվան մեղավորի հետ այդպես ջերմ «Կուրբան Բայրամ» չեն շնորհավորել: Բացի այդ, Թուրքիայի ղեկավարները ու մասնավորապես Էրդողանը մինչև 2018 թվականը, մինչև 44-օրյա պատերազմն ամեն կերպ խուսափել է ՀՀ ղեկավարների հետ շփվելուց: Ամեն առիթով բացասական վերաբերմունք է դրսևորել, իսկ պաշտոնական շփումները եղել են ծայրահեղ սառը և որևէ ջերմություն չպարունակող: Ընդհանուր առմամբ, Էրդողանին որպես դրական մեսիջներ հղող գործիչ, իսկ Թուրքիային որպես փոխված մոտեցումներով երկիր ներկայացնելը ոչ միայն սխալ, այլ ուղղակի կեղծիք է, հանրությանը մոլորեցնող քայլ»,-հավելեց Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու հետ, Ռ. Մելքոնյանը երեք հարթություն առանձնացրեց: Առաջինն ընդգծեց նախապատրաստական բնույթի մասին: «Նախ՝ փորձում են սահմանը աշխատեցնել: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական խնդիր կա այս առումով, քանի որ այդ սահմանն, ի վեջո, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանն է, և, փաստորեն, դեպի ՆԱՏՕ սահման է բացվում: Եվ հարց է առաջանում՝ այդ սահմանն արդյո՞ք ռուս սահմանապահներն են հսկելու, որովհետև, ըստ պայմանագրի, հայ-թուրքական սահմանը վերահսկում են ռուս սահմանապահները: Ենթադրվում է, որ բացվող սահմանը նույնպես պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ցամաքային սահմանի բացումը դեռևս չի ենթադրում բեռնափոխադրումներ, երրորդ երկրի քաղաքացիները որպես տուրիստ պետք է փորձեն այդ սահմանն օգտագործել:

Բայց չի բացառվում, որ նշվածին կարող է հաջորդել նաև ցամաքային բեռնափոխադրումների հետ կապված համաձայնությունը՝ կրկին 3-րդ երկրների համար: Այս պարագայում տարբեր պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի համար այս ճանապարհը միգուցե որոշակի հետաքրքություն ունեցող ճանապարհ դառնա, մանավանդ, որ դժվար թե այս քայլին գնային առանց ՌԴ-ի համաձայնության ու դիրքորոշման: Երրորդը, իհարկե, վտանգների հանգամանքն է. այդ երրորդ երկրների քաղաքացիները կարող են, այսպես ասենք, ամենատարբեր ոճի լինել, որոնք կարող են ավելացնել մեր անվտանգային ռիսկերը: Հայաստանը, փաստորեն, այլ երկրների քաղաքացիների համար սպասարկող միջանցք է դառնում:

Խնդիրը պարզ չէ, տարբեր շերտեր ունի ու նաև հետփուլային չէ: Այսինքն, այս պահին գործարկվում է մեծ խաղի առաջին փուլը՝ ի դեմս սահմանը երրորդ երկրների համար բացելուն, բայց ենթադրում եմ, որ շարունակություն է լինելու՝ երկրորդ, երրորդ փուլ, ինչը մեծ քաղաքականության մաս է: Այնտեղ առաջին հերթին ՌԴ-ն է որոշակի մասնակցություն ունենալու, ուղղակի պետք է հասկանանք, թե մեր շահերը որոնք են, արդյոք կարողանո՞ւմ ենք մեր շահերը ներկայացնել, թե՞ հետզհետե վերածվում ենք սպասարկու երկրի»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր