Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիին ու RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են: Դրա վրա ազդել են այդ թվում նաև Կիևին HIMARS-ի (համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր-խմբ.) մատակարարումները:
«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը և աշխարհագրական կոորդինատներին, նախագահն ասել է շատ հստակ, ինչպես մեջբերեցիք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում այն իմաստով, որ մեր անվտանգության ոչ մի սպառնալիք, Ուկրաինայի տարածքից ռազմական սպառնալիքներ չլինեն, այդ խնդիրն էլ մնում է։
...Երբ Ստամբուլում բանակցողների հանդիպում եղավ, այնտեղ մի աշխարհագրություն կար, և ուկրաինական առաջարկն ընդունելու մեր պատրաստակամությունը հենվում էր այն աշխարհագրության՝ 2022 թվականի մարտի վերջի աշխարհագրության վրա», - ասել է Լավրովը։
Այժմ, նշել է նա, աշխարհագրությունը այլ է, և խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, այլև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջանների մասին է:
«Այս գործընթացը շարունակվում է, ընդ որում՝ շարունակվում է հետևողականորեն և համառորեն», - ընդգծել է նախարարը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ քանի Արևմուտքը «անզոր զայրույթի մեջ կամ իրավիճակը առավելագույնս վատթարացնելու ցանկությամբ» Ուկրաինային ավելի հեռահար զենք է մատակարարում, օրինակ՝ HIMARS, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները ներկայիս գծից ավելի հեռու կմղվեն:
«Որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի այն հատվածում, որը վերահսկելու է Զելենսկին կամ ով որ նրան փոխարինի, լինի զենք, որն ուղղակի սպառնալիք է ներկայացնելու մեր տարածքին և այն հանրապետությունների տարածքներին, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին, նրանց, ովքեր ուզում են իրենց ապագան ինքնուրույն որոշել», - եզրափակել է նա: