Կարեն Անդրեասյանը Արմեն Գրիգորյանի մահվան մասին

«Իմ խորը ցավն եմ արտահայտում: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է: Տվյալ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել իր հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել: Այսինքն, չեն եղել լուրջ խնդիրներ, բողոքներ, որ վերանայվեր նաև խափանման միջոցը»,-ասաց Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ կան հիմա կալանավորված հայտնի անձինք, որոնք տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, կալանավայրի բժիշկներն են պարբերաբար ստուգում: Նա վստահեցնում է՝ կալանավայրում ունեցած առողջապահական ռեսուրսով ամեն ինչ անում են, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջության հետ կապված խնդիր:
«Եվ մենք իրենց մասին իսկապես հոգ ենք տանում: Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»,-ասաց Անդրեասյանը:
Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դատական նիստի ընթացքում, նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը: