«Հայկական ԶՈՒ-ն ամբողջությամբ դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»․ Բայրամովը՝ Դոնֆրիդին

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումներից հետո հայտարարությունների վերաբերյալ։
Բայրամովը կարևորել է կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը։ Այս կապակցությամբ նա ընդգծել է․ «Հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը: