ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը՝ աջակցելու ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը որևէ մեկը չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ

Օգոստոսի 24-ին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդեց պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակման մասին։
Բաքուն կոշտ արձագանքեց. «Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է», ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ, ի պատասխան Բաքվի, այսօր հայտարարել է՝ Ռիքերի նշանակմամբ ԱՄՆ-ը նպատակ ունի հասնել հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղությանը։