Կան ուղղություններ, որտեղ 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ:
ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Սա, ի դեպ, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից հեռու էր 12 կմ-ով:
Վերջինիս տեղեկացմամբ, Ադրբեջանը Ներքին Հանդի ու Վերին Շորժայի ուղղությամբ շարժվել է 1,5կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Մի կողմից խնդիր ունենք տարածքային ու մարդկային մեծ կորուստների հետ, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ կան ուղղություններ, որտեղ ռազմական, ռազմավարական տեսանկյունից 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը:
Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում՝ 2021 թվականի մայիսից ու նոյեմբերից հետո, դեռ չեմ խոսում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ներխուժումը:
Այս ընթացքում Ադրբեջանը փորձել է առավելագույնս դուրս գալ իր համար բարենպաստ շրջաններ, դիրքավորվել մարտավական և ռազմավարական բարձունքներում, որը մի կողմից նրան թույլ կտա վերահսկողություն ապահովել ՀՀ ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների, հանգույցների նկատմամբ, մյուս կողմից՝ առավել մասշտաբային գործողությունների դեպքում, զգալի մեկնարկային առավելություններ ստանալ: