Դիվերսիոն խմբերի ներթափանցման վտանգ միշտ կա. մարդիկ զգուշավոր են

«Դիվերսիոն խմբերի ներթափանցման վտանգ էլ միշտ կա ու մարդիկ զգուշավոր են։ Պարտադիր չէր հայտարարեին այն մասին, որ նոր զգուշանային, ուղղակի պետք է զինված լինեն մարդիկ՝ ինքնապաշտպանվելու հնարավորություն ունենալու համար»,- ընդգծել է Ավետյանը։
Նրա փոխանցմամբ՝ երիտասարդներից շատերն են գալիս՝ կամավորագրվելու, բայց կարևոր է, որ նրանք համալրեն զորքը։ «Ջոկատներով կռվելու ժամանակներն անցել են։ Բոլորը՝ Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, ամեն մի բնակավայրում պետք է հստակ պատկերացնեն, որ համախմվել ու համալրել է պետք զորքը՝ երկիրը պաշտպանելու համար»,-ասել է Ավետյանը։
Սեպտեմբերի 13-14-ին ադրեջանական ագրեսիայի պատճառով իրենց օջախները լքած Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները կամաց-կամաց վերադառնում են։ Ավետյանը, սակայն, մտահգություն ունի՝ բազմաթիվ ընտանիքներ հնարավոր է, որ չվերադառնան՝ մինչև անվտանգության զգացողությունը չլինի։ Սոթքի շուրջ 170 աշակերտ մինչև հիմա դպրոց չի կարողանում հաճախել։ Նրա խոսքով՝ մենք պատրաստ ենք ցանկացած վտանգի միջով անցնել, բայց երեխաներին ոչ ոք վտանգի չի ենթարկի՝ որքան էլ մեծ լինի հայրենի տուն վերադառնալու ցանկությունը։Ներկա դրությամբ վերադառնալու պատրաստ ընտանիքներին ամեն կերպ, ըստ Ավետյանի, պետությունը շատ արագ պետք է աջակցի։
«Ադրբեջանական հրետակոծությունից ավերված տներն արագ պետք է վերականգնել։ Միայն Սոթքում 30 տուն հիմնովին ավերվել է, այդքան էլ վթարային վիճակում են։ Անվտանգության ու տների հարցն է առաջնային։ Անվտանգությունն է ապահովելու, որ մարդիկ վերադառնան։ Դրա համար զուգահեռաբար երկու ճակատում՝ բանակում և դիվագիտության մեջ պետք է օր ու գիշեր աշխատեն իշխանությունները։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ էլի երիտասարդներ կորցնել, շատ-շատ ենք կորցրել»,-շեշտում է Ավետյանը։