Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին քննարկվում է հայազգի հանրահայտ բժիշկ, ակադեմիկոս Արմաիս Կամալովի թեկնածությունը: Կամալովը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտակրթական ինստիտուտի համալսարանական կլինիկայի ղեկավարն է, հանդիսանում է նաև Հերացու անվան ԵՊԲՀ-ի պատվավոր դոկտոր:
Հավելենք, որ հայկական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում Կամալովը նշել է, թե Հայաստանն իր «էթնիկ կոդն» է: Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ապա նա նույն հարցազրույցում ասել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել Սփյուռքի և Հայաստանի միջև կապերը, քանի որ գիտության և մշակույթի շատ գործիչներ պատրաստ են ծառայել ի բարօրություն իրենց հայրենիքի՝ նույնիսկ գտնվելով նրա սահմաններից դուրս»:
Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կամալովի թեկնածությունը պատահական չէ. նա ճանաչված ու հարգված անձ է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, բոլորի հետ ունի նորմալ հարաբերություններ, տարիներ շարունակ զբաղված է հայապահպանությամբ, իրականացնում է տարբեր ծրագրեր:
