Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

13 հոկ 2022 12:30

Փաշինյանն ու Ալիևը Մակրոնի ինչի՞ն են պետք. Երևանն ու Բաքուն բրյուսել յան հարթակի հետ համատեղ խաղ են խաղում նաև Մոսկվայի կամրջի վրա

«Փաստ» օրաթերթը գրում է


 iarex.ru–ն «Ալիևն ու Փաշինյանը Մակրոնի ինչի՞ն են պետք» վերնագրով հոդվածում գրում է, որ այն, ինչ է տեղի ունեցել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) առաջին ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Ֆրանսիայի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի շփումների ձևաչափով, կարելի է համարել այնպիսի քաղաքական ներկայացում, որում գրեթե յուրաքանչյուր գործողություն կարող է ընկալվել որպես առանձին իրադարձություն։


Փաստն այն է, որ Մակրոնին հաջողվել է բոլորին հրավիրել հատուկ ստեղծված նոր կառույց, որը, ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսե Բորելի, «պետք է օգնի մայրցամաքում նոր կարգի ձևավորմանը, բայց առանց Ռուսաստանի», և դա, չնայած նրան, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները կայուն ռազմավարական և նույնիսկ դաշնակցային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Մակրոնի համար սա կարևոր է, քանի որ նա քայլեր է ձեռնարկում խորհրդանշական մակարդակով՝ առանց գագաթաժողովի 44 մասնակիցներին որևէ կոնկրետ լուծման տանելու մտադրության։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ նա հակառուսական լայն քաղաքական համատեքստում ներգրավել է կոնկրետ տեղական խնդիրներ, որոնք եթե անգամ այլ տարբերակներով լուծումներ ունենան, ապա միանշանակ կլինեն ոչ շուտ։


Թվում է, թե սա է Պրահայի ներկայացման գլխավոր սյուժեն։ Եթե կառուցենք իրադարձությունների ընդհանուր շարք, ապա կլինի հետևյալը: Պրահայում կայացել է Փաշինյանի և Էրդողանի առաջին անձնական հանդիպումը: Բացի այդ, քառակողմ բանակցություններ են տեղի ունեցել Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։ Բայց դա «նախաբանն» է՝ նոր սյուժեների սկիզբը։ Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները և հանձնարարել են իրենց հատուկ ներկայացուցիչներին և արտաքին գերատեսչությունների ղեկավարներին լուծել հարաբերությունների կարգավորման կոնկրետ խնդիրները։


Ալիևը Միշելի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Փաշինյանի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում, Բաքուն «աջակցում է բանակցությունների նման ձևաչափին»։ Սա պիեսի զարգացումն է։ Դրա գագաթնակետը, շրջադարձային կետը այլ տեղ է: Ալիևը Պրահայում ասել է, որ շուտով երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն երկրորդ անգամ, որպեսզի դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը սկսեն պատրաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը։ Ըստ ամենայնի, դա տեղի կունենա Միշելի հովանավորությամբ, որին, ըստ Ալիևի, «հատուկ դեր է վերապահված բանակցային գործընթացում»։ Ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմն արդեն պատրաստել է նման փաստաթղթի «սևագիրը», սակայն, ինչպես Ալիևն է ասում, «աշխատանքը դժվարությամբ է առաջ ընթանում»։


Այդ առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Ադրբեջանի հինգ սկզբունքներն ամբողջությամբ չեն արտացոլում օրակարգը», և որ «քննարկումներ են ընթանում Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»։ Այդ հարցով Ադրբեջանն առայժմ լռում է։ Սա իրականության առաջին ծրագրված տեղաշարժն է դեպի ենթադրյալ ինտրիգ նոր իրադարձությունների նշանակման միջոցով։ Այս ամենի էությունն այն է, որ Պրահայի գագաթաժողովի նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին, ասել է, որ «Ռուսաստանը հակադրվում է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր խաթարման»։


Նրա խոսքով, «խաղաղության համաձայնագրի նկատմամբ արևմտյան մոտեցումները լիովին հավասարակշռված չեն, և որոշ արևմտյան միջնորդներ ընդհանրապես չեն կարող կոչվել խաղաղության միջնորդներ», բայց, հաշվի առնելով համաձայնագրի թեմայի բարձր զգայունությունը, Սմոլենսկայա հրապարակը «նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացիկ բանակցությունների մանրամասները»: Այսինքն, ստացվում է, որ Բաքուն և Երևանը բրյուսել յան հարթակի հետ համատեղ խաղ են խաղում նաև Մոսկվայի կամրջի վրա։ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալի է: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հմտորեն օգտագործելով ռուսական և թուրքական ռեսուրսները՝ Ալիևը ձգտում է նույն խաղը խաղալ եվրոպական ուղղությամբ՝ հենվելով արդիականացած էներգետիկ հարցերի վրա։ Այստեղ անհասկանալի է, թե, ի վերջո, ի՞նչ է ստանում Հայաստանը՝ փոխելով իր արտաքին քաղաքական ուղղվածությունը և ուժերի նախկին դասավորվածությունը տարածաշրջանում այն իրավիճակում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին խաղաղության պայմանագիրը ստորագրվել է ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ ԵՄ-ի միջնորդությամբ։


Բայց ներկայում անհնար է կանխատեսումներ անել։ Առավել ևս, որ հասարակական մակարդակով հայկական կողմը դեռ չի կարողացել ընդլայնել այդ բացառապես ադրբեջանական նեղ օրակարգը, և այն եռանկյունուց (Բաքու-Երևան-Բրյուսել) վերափոխել բազմանկյունու (գումարած Մոսկվա և, գուցե, նույնիսկ Թեհրան): Այսինքն, Փաշինյանը, մարտավարական նկատառումներից ելնելով, հույսը դնում է Մակրոնից աջակցություն ստանալու վրա։ Հայկական մեդիատիրույթում որոշ հրապարակումներ պնդում են, որ Հայաստանի խնդրանքով ակնկալվում է ֆրանսիական դիտորդական առաքելության ժամանում ադրբեջանա-հայկական սահման։


Բայց մի՞թե դա խաղաղության ճանապարհն է, իսկ գուցե դա ճանապարհ է դեպի հնարավոր առճակատո՞ւմ: Դիվանագիտական գործունեությունը հաճախ ստանում է տարբեր ուղղություններ, այն կարող է լինել կառուցողական, կենտրոնացած արարման վրա, կամ կարող է լինել կործանարար՝ ուղղված համակարգի ապակայունացմանը և նույնիսկ այն ոչնչացնելուն։ Մի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի խաղացած քաղաքական ներկայացումը շարունակվում է։ Առջևում դեռևս բավականին քաղաքական արարներ կլինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր