«Irdiplomacy. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի».Իսրայելից պարբերաբար Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ

Հոդվածում ընդգծվում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը։ Մասնավորապես, նշվում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում Մորթեզա Աբեդին Վարամինի նշանակումը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Աբեդին Վարամինը հույս է հայտնել, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Հայաստանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։
Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի այցին Ադրբեջան, որտեղ նա հանդիպել է նախագահ Ալիևի և իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Բացի այդ, Իսրայելից պարբերաբար Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ։ Նշվել է, որ Բաքուն առաջատարներից է իսրայելական զենքի և անօդաչու թռչող սարքերի գնորդների թվում։ Այդ ամենը դիտվում է որպես ցուցիչ, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։Կայքն անդրադարձել է նաև հնդկական լրատվամիջոցներին, որոնք հայտնել են, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի մեծ խմբաքանակ է գնել՝ մոտ 245 մլն դոլար արժողությամբ։