Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 հոկ 2022 13:46

«Կապիտուլյացիայի ստորագրման օրը եղբորս սիրտը կանգնեց»․ 44-օրյա պատերազմում զոհված Հայկան այսօր կդառնար 22 տարեկան

Հայկազ Մկրտչյանը, որին շատերը ճանաչում են՝ որպես Հայկա, ծնվել էր 2000 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Երևանում։ Ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարի 23-ին։ Նրան անվանակոչել էին Հայկազ պապի անունով, սակայն ընտանիքի անդամներն ու ընկերները դեռ մանկուց Հայկա են ասել։

«Հայկան սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, հրետանավոր էր։ Վեց ամիս հետո արդեն որպես կրտսեր-սերժանտ՝ եղբայրս տեղափոխվել էր Տավուշ՝ Մեհրաբ։ Իրենց հաշվարկի հրամանատարն էր։ 2020 թվականին մասնակցել է հուլիսյան մարտերին, ադրբեջանական յաշմա խմբի են ոչնչացել․․․ Դա Հայկայիս առաջին կռիվն էր, շատ էր ուրախացել մեր հաղթանակով։ Իրեն շնորհել էին «Մարտական հերթապահություն» մեդալ․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը։



«Հոկտեմբերի 14-ին տեղափոխվել էին Արցախ, սկզբում իրենք գնացել են Հադրութ, այսինքն՝ արդեն իսկ հանձնված Հադրութ․․․ Հետո գնացել են Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, Տեղ, եղել են նաև Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում․․․ Որտեղ թեժ են եղել մարտերը, իրենց մարտկոցին ուղարկել են այդ տեղերը։ Հայկան իր մարտկոցով 4 անգամ շրջափակման մեջ է հայտնվել, բայց 4 անգամ էլ կարողացել են դուրս գալ։ Ընկերոջ հետ խոսում էր, ասում էր՝ սպասի, շրջափակման մեջ եմ, դուրս գամ՝ կզանգեմ։ Դուրս էր գալիս, զանգում ասում էր՝ ախպեր, արդեն դուրս եմ եկել․․․ Ինքն այնքան թեթև է դրան վերաբերվել, ոնց որ իր համար դա խաղ լիներ։


Ասում էր՝ միայն 1000 թուրքի անուն իմ ձեռքով է քարերին գրվել, բայց որ քիչ-քիչ գյուղերը հանձնում էին, իրենց նահանջի հրաման էին տալիս, դրանից շատ էր նեղվում, ասում էր՝ աչքիս առաջ Արցախը կորցնում ենք, լացս գալիս ա»։


Այս խոսքերը Հայկազն ասել է, երբ Արցախն առաջին անգամ էր տեսել՝ պատերազմի օրերին, մարտական գործողությունների ընթացքում․


«Ասում էր՝ հենց կռիվը վերջանա, գալու եմ այստեղ մի տուն առնեմ, Շատ-շատ էր հավանել Արցախը։ Ասում էր՝ չեմ ուզում կորցնենք Արցախը,  ո՞նց կարելի է, սա խայտառակություն է։ Ասում էր՝ սա մեր ամենակարևոր կռիվն է, պետք է սաղին ջարդելով գնանք։ Գրում էր, որ թուրքերը շատ-շատ են, բայց կարողանում ենք դիմադրել․․․


Հոկտեմբերի 29-ին իրենք Կարմիր շուկայի տարածքում են լինում՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում, երկար ճակատ են հսկել։ Գիտենք, որ այդ ընթացքում անընդհատ թշնամու ԱԹՍ-ն իրենց գլխավերևում պտտվել է, ուր գնացել են, այդ անօդաչուն գնացել է։ Շատ սոված են եղել, 5 օր ընդհանրապես հաց չեն կերել, որովհետև ուտելիքն իրենց չէր հասնում, ահավոր մարտեր են եղել այդ հատվածում․․․»։


Ընտանիքի անդամները վերջին անգամ Հայկազի հետ խոսել են ծնունդից 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ 18։30-19։00-ի սահմաններում, որից հետո թշնամու անօդաչուն հարվածել է նրան․


«Ես միշտ Հայկային ասում էի՝ կտեսնեք, հենց ծնունդդ գա, կռիվը կվերջանա։ Ամսի 29-ին եղբայրս վիրավորվել էր, բայց մենք դրա մասին չենք իմացել։ Հոկտեմբերի 31-ին զանգում էի, որ եղբորս ծնունդը շնորհավորեմ, բայց ոչ մի ձև կապի դուրս չէի գալիս, ընկերներին էի զանգում։ Զգացի, որ մի բան եղել է, որովհետև ինքը միշտ կապի մեջ էր, մենք գիտեինք, թե տվյալ պահին որտեղ է կռվում, կոդերով մեզ ասում էր։ Ծննդյան օրը իմացանք, որ վիրավոր է, Արցախից ուղղաթիռով բերել էին Երևան՝ հոսպիտալ, 12 օր կոմայի մեջ է եղել։ Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի ստորագրման օրը, եղբորս սիրտը կանգնեց»։


Հայկազ Մկրտչյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հերոսի շիրմաքարի վրա  գրված է ՀԱՅԿԱ, ինչպես ընտանիքի անդաներն էին նրան ասում։




Հայկազ Մկրտչյանը 6 տարեկանից հաճախում էր Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց, մինչև զորակոչվելը՝ դպրոց հաճախելուն զուգահեռ, սովորել է նաև այս մարզադպրոցում։ Մասնակցել է տարբեր մրցույթների, բազմաթիվ հաղթանակներ գրանցել։


Արդեն 2-րդ տարին է՝ մարզադպրոցում կազմակերվում է շախմատի հուշամրցաշար՝ նվիրված հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին։


Երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ Հայկազի ծննդյան նախօրեին, 2-րդ մրցաշարն էր կազմակերպվել, որին ներկա էին տարբեր տարիքային խմբի երեխաներ։ Մասնակցել են նաև Հայկազի հետ մարզադպրոց հաճախած ընկերները։ Հաղթողները պարգևատրվել են Հայկի անվան մեդալներով և գավաթներով։ Հաղթած մասնակիցներին մրցանակները հանձնել են հերոսի ծնողները՝ Զավեն և Աննա Մկրտչյանները։


     
Հերոսի 22-ամյակի առթիվ ընտանիքի անդամներն, ընկերներն ու հարազատներն այսօր 19։30-ին հավաքվելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայկազի շիրիմի մոտ, հարգելու նրա հիշատակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր