Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

11 նոյ 2022 11:30

Տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ․ Դատախազություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ  քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։


Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար  անձանց հետ  համատեղ կատարել  առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:


Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, Նախարարությանը հատկացվել է  2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:       


Ընկերության տնօրենը, մասնակցելով Նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:


Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և  եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը:


Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով  դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր