«Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին.«Հրապարակ»          Զինդատախազությունը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պահեստում 93 մլն դրամի պակասուրդ է գտել. 5 քրվարույթ է սկսվել       Կառավարությունը փոփոխում է հաշմանդամության սահմանման շեմերը    

15 նոյ 2022 18:52

Իրանցի պատգամավորներն արձագանքել են «հայրենակիցների մասին» Ալիևի հայտարարություններին

Իրանցի մի խումբ օրենսդիրներ շատ կոշտ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների մասին հայտարարություններին, որոնք Թեհրանում ընկալել են որպես Իրանում մեծաթիվ ադրբեջանական բնակչության մասին հստակ ակնարկ, գրում է Tehran Times-ը:


Օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն փաստը, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:


«Ադրբեջանի նախագահը դիտարկումներ է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին։


Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ:


«Թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական  կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» - Սամարղանդում գագաթնաժողովին ասել է Ալիևը։


«Թյուրք երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա մայրենի լեզվով սովորելու այն երկրներում, որտեղ բնակվում է։ Ցավոք, Ադրբեջանի սահմաններից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծամասնությունը, զրկված է նման հնարավորությունից։ Թյուրքայկան երկրների սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների ուսուցումը մայրենի լեզվով մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարվեն։ Ադրբեջանի պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում արտերկրում բնակվող ադրբեջանցիների իրավունքների, ազատությունների և անվտանգության պաշտպանությանը։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի դառը ճակատագրի բերումով Ադրբեջան պետությունից անջատված մեր հայրենակիցները պահպանեն մեր լեզուն, ավանդույթները, մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարներին և երբեք չխզեն կապերը իրենց պատմական հայրենիքի հետ»,- հայտարարել էր Ալիևը։


Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:


Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։


Իրանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ալի Նիկզադը հեգնել է, որ «թոռը չի կարող ուրանալ իր պապին», և որ Ադրբեջանի նախագահի արտահայտություններն անհիմն են։


Օրենսդիր Մոհամմադ Ռեզա Միրթաջուդդինին այնքան հեռուն է գնացել, որ կոչ է արել միացնել Նախիջևանը: Միրթաջուդինին ասել է, որ Ալիևը իր կարողություններից դուրս արտահայտություններ է արել և մեղադրել է նրան պատմությունը չիմանալու համար:


Դիմելով Ալիևին՝ պատգամավորն ասել է. «Նկատի ունեցեք, որ Ադրբեջանն է անջատվել է Իրանից, ոչ թե հակառակը»։


 Հիշեցնենք, որ օրերս Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Իրանում Ադրբեջանի դեսպանին։


«Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Ադրբեջանի պաշտոնյաների և ԶԼՄ-ների կողմից հակաիրանական քարոզչության և Իսլամական Հանրապետության դեմ զրպարտչական արշավի ֆոնին», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:


Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և ասել, որ Իսլամական Հանրապետության բողոքն արագ կփոխանցի Բաքվին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր