Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

15 նոյ 2022 21:06

Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձև որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և ադրբեջանական զինուժը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից

Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Ֆրանսիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չառարկեց բանաձևի ընդունմանը, սակայն նաև չհսատակեցրեց՝ արդյո՞ք Կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով. «Աշխարհում որևէ երկիր ավելին չի անում Հայաստանի աջակցելու համար»։

Պատգամավոր Պատրիկ Կանեն իր ելույթում նշեց. «Հայ ժողովուրդը, որ այդքան տառապանքներ է կրել, պետք է տեսնի, որ բոլոր գերիները վերադառնում են, դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Ադրբեջանը պետք է նաև առանց նախապայմանների դուրս գա Հայաստանի տարածքից ու հարգի այդ երկրի ինքնիշխանությունը»:

Պիեր Ուզուլիասն էլ նշեց, թե Ադրբեջանը Հայաստանում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում՝ ընդգծելով, – «Բացի այդ, Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմանները առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի և գազի դիմաց»:

Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ «Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», – ասված է փաստաթղթում։

Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում նշել է, թե ինչ պահանջներ է ներկայացրել Ֆրանսիայի սենատը.

«-Պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

–կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

–առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում;

–վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

–առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր