Պուտինին կդիմավորեն նաև բեռնափոխադրողները՝ բողոքի ակցիայով

Yerevan.Today-ին երեկ երեկոյան իրենց պլանների մասին հայտնել են որոշ բեռնափոխադրող ընկերություններ՝ չթաքցնելով, որ բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ստացել են մի շարք արտահանող գործարարներ աջակցություն։ Գործարար խավն ուղղակի համոզված է, որ ՌԴ իշխանությունները լիարժեք չեն տիրապետում իրավիճակին, չեն ստուգում իրենց տարածք մուտք գործող թվերը, որ հասկանան՝ վրացիները շահագործում են մեզ։
Մի կողմից վրաստանն իր բեռներն է լցնում ՌԴ շուկա՝ օգտվելով այն հնարավորությունից, որ ուշացած կամ ճանապարհներին փչացող հայկական մթերքի պատճառով շուկայում բաց է առաջացել, մյուս կողմից ռուսներին հաճույքով խաբում է հայկական կառավարությունը՝ ենթադրաբար այն քաղաքական հաշվարկով, որ Լարսի անցակետի պրոբլեմով կլեգիտիմացնի վերջապես թշնամուն «Զանգեզուրի միջանցքի» հարցը և ՌԴ տարածք Ադրբեջանի ուղիներով մուտքի քաղաքական ուղղությունը կարդարացնի ներքին լսարանի համար։
Գործարարները պնդում են, որ Ղրիմի կամրջի ահաբեկչությանն հայ վարորդի ենթադրյալ մասնակցության փաստը ընդամենը շարժառիթ էր, որը փայլուն կերպով օգտագործեցին վրաց ու ՌԴ իշխանությունները՝ ՀՀ կառավարության հետ այլ մակարդակներում իրենց քաղաքական անհամաձայնությունները ցույց տալու և Հայստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։
Վրացիների կողմից մատուցվում է, իբր հայկական բեռների համար խնդիր ստեղծում է ռուսը, ՌԴ-ից են հայկական բեռների համար այսպիսի կտրուկ մերժումները ստացվում։ Բայց չմոռանանք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու գործում է ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգում, ուստի տուժում է նաև Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եվրոպական ապրանքների փոխանցումը։
Փաստացի, վրաց իշխանությունների քամահրանքով արհեստականորեն 1 ամիս խաթարված է ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական շրջառության ցիկլը ու չեն գործում ԵԱՏՄ կանոնադրության համաձայն մի շարք օրենքներ։ Իսկ ո՞րն է սրան հայկական կառավարության գործնական հակազդեցությունը, պարզ չէ․․․ Առայժմ զրո արդյունքով պարզունակ ելույթներ են, ու խորացող ճգնաժամն է տեսանելի։
Հայ արտահանող ու ներկրողները հայտնվել են տնտեսական կոլապսի մեջ ու իրենք էլ գիտակցում են, որ իրենց մատակարարումների ժամկետների խախտումները ՌԴ շուկայից արագ դուրս մղվելու պատճառ կդառնան՝ մանավանդ, որ եռուն շրջան է։ Տարեմուտի-Սուրբ Զատկի տոներին ընդառաջ մեր հիմնական արտահանման շուկան մասշտաբային ծավալների իրացում կապահովեր հայկական մթերքի, մրգերի ու խմիչքների համար, իսկ այդ ահռելի կորուստները վերականգնելու հարցում հայկական իշխանությունները վստահաբար ոչ մի քայլ չեն ձեռնարկի հետագայում՝ հայկական արտադրանքի վիճակը փրկելու ու հայ գործարարին նեցուկ լինելու համար։ Վարորդները վրդովված են Հայաստանի ԱԱԾ, ԱԳՆ-ի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու էկոնոմիկայի նախարարության անտարբերությունից։
Փաստենք, մեկ ամիս է՝ վրաց իշխանությունների ցուցաբերած նվաստացումներով տնտեսական կոպալսի մեջ են հայտնվել հայ գործարարները, իսկ որևէ նախարար հարկ չի համարել մեկ անգամ դեպքի վայր ժամանել, գործուն քայլեր չեն արվել, միչդեռ ՀՀ ԱԺ նախագահի՝ Վրաստանում հանդիպումների ժամանակ հայտարարվում է, որ հայ-վրացական հարաբերությունները երբեք այսքան լավ են չեն եղել։