Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 նոյ 2022 16:33

Ինչու է Ադրբեջանի եւ Թուրքիայի միությունն անհանգստացնում Իրանին, իսկ Թուրքիան էլ հայտարարում է, որ այդ մտահոգություններն անհիմն են

Ադրբեջանի եւ Թուրքիայի միությունն անհանգստացնում է Իրանին․ դրան զուգահեռ ավելանում է լարվածությունը։ Բաքուն ծրագրում է Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ ցամաքային միջանցք ստեղծել, ինչը սպառնում է խաթարել թուրք-իրանական կապերը, գրում է Al-Monitor-ը։
«Թեհրանի եւ Բաքվի միջեւ վեճերը սրվել են այն բանից հետո, երբ անցած ամիս Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Միեւնույն ժամանակ, Իրանը հյուպատոսություն է բացել Սյունիքում, որը սահմանակից է Իրանի հետ եւ գտնվում է լարվածության կենտրոնում։ Թշնամական կարծիքների փոխանակումը հանգեցրել է այս ամսվա սկզբին բողոքի նոտաների հանձնման, երբ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ Թեհրանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանը՝ ոգեւորված 2020 թվականի պատերազմում Հայաստանի նկատմամբ հաղթանակով, ձգտում է վերահսկողություն սահմանել Սյունիքի միջով տարածքի նկատմամբ։ Հրադադարի ռեժիմի շրջանակում Հայաստանը պարտավորվել է թույլատրել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը՝ երթուղի, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Իրանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի վերահսկողությունն այս տարածքի նկատմամբ կարող է ընդհատել իր սահմանային հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թուրքիայի համար դա կնշանակի ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ հարեւան Նախիջեւանով եւ դեպի Կենտրոնական Ասիա Իրանը շրջանցող երթուղի։ Թուրքիայի ռազմական աջակցությունը վճռորոշ նշանակություն ունեցավ Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հաջողության համար։ Երկու ազգերն ունեն ընդհանուր էթնիկական արմատներ եւ լեզու եւ սերտ քաղաքական ու տնտեսական կապեր: Ադրբեջանցիներին անվանում են նաեւ ադրբեջանցի թյուրքեր, եւ երկու երկրներն իրենց կապը բնութագրում են որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ բանակը պատրաստ է պաշտպանել երկրի շահերը՝ նկատի ունենալով Իրանին։ «Սա պետք է իմանան նաեւ նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,-ասել է Ալիեւը։
Նոյեմբերի սկզբին Ադրբեջանը 19 մարդու է ձերբակալել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ 
Նոյեմբերի 11-ին Թյուրքական պետությունների կազմակերպությունում իր ելույթում Ալիեւը նշել է Իրանում ադրբեջանական փոքրամասնության իրավունքները եւ անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանական իշխանության հետ կապ ունեցող Caliber.az պորտալը գրում է․ «Եկել է ժամանակը։ Հարավային Ադրբեջանը պետք է անջատվի Իրանից»։ Իսկ հեռուստահաղորդավարուհիներից մեկն էլ ողջունել է «Հարավային Ադրբեջանին»՝ հանելով հիջաբը։ «Հարավային Ադրբեջանը» ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է Իրանի հյուսիսում։
2020 թվականին պատերազմում հաղթելուց անմիջապես հետո Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը վրդովեցրել է Թեհրանին՝ 19-րդ դարում Ադրբեջանի բաժանման մասին բանաստեղծություն արտասանելով։
Իրանական Sahar TV-ն, որը հեռարձակվում է ադրբեջաներեն, պատասխանել է, որ Ադրբեջանը պատմականորեն Իրանի մաս է, եւ որ Նախիջեւանի բնակիչները ցանկանում են միանալ Իրանին:
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանն էլ ավելի է զայրացրել Իրանին՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշում կայացնելով։
Անկարան աջակցում է  «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Բաքվի ձգտումներին, սակայն փորձում է չնյարդայնացնել Թեհրանին՝ տարածաշրջանի բոլոր վեց երկրների միջեւ համագործակցության ֆորում առաջարկելով: Սակայն Թեհրանի համար «Զանգեզուրի միջանցքով» Կենտրոնական Ասիայի հետ կապվելու Թուրքիայի ծրագիրը սպառնում է Իրանին կտրել Կովկասից։ Ոմանք այն նույնիսկ անվանում են «Թուրանական միջանցք»:
Թյուրքական պետությունների կազմակերպությունն ակտիվացնելու Թուրքիայի ջանքերը, որը նրան կկապի Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի հետ, տագնապեցրել են նաեւ Թեհրանին։ Վերջինն անհանգստանում է, որ ավելի ուժեղ թուրքական ազդեցությունը թյուրքական աշխարհում կարող է ապակայունացնել Իրանի հյուսիսը, որտեղ ապրում են ադրբեջանցիներ եւ թյուրքական այլ փոքրամասնություններ, ինչպիսին են թուրքմենները եւ քաշքայները։ Բացի այդ, Ադրբեջանի ավելի ուժեղ դիրքը՝ Թուրքիայի աջակցության շնորհիվ, կարող է ձգողականության կենտրոն դառնալ Իրանում ապրող ցեղակիցների համար։
Հուլիսին հանդիպման ժամանակ գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Էրդողանին ասել էր, որ ցանկացած պլան, որը կարող է փակել Հայաստանի հետ Իրանի սահմանը, անընդունելի է։ Իսկ նախագահ Իբրահիմ Ռայիսին հոկտեմբերին Ալիեւին նախազգուշացրել էր, որ Իրանը չի հանդուրժի «պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների որեւէ փոփոխություն»։
Անհանգստությունը, որն ընկած է Իրանի տեսլականի հիմքում Զանգեզուրի միջանցքի հետ կապված՝ որպես աշխարհաքաղաքական սպառնալիքի, կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. 
Իրանը կարող է կորցնել Հայաստանի հետ սահմանային եւ ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը։
Կովկասի եւ Ռուսաստանի հասանելիությունը նրա համար կարող է ավելի դժվարանալ, եւ Իրանը կարող է կորցնել ազդեցությունը Կովկասում։
Նախագիծը թույլ կտա ՆԱՏՕ-ին շրջապատել Իրանը։
Իրանը տնտեսական կորուստներ կկրի, երբ Ադրբեջանը դադարեցնի Նախիջեւանի հետ կապն Իրանով, ինչը կնվազեցնի Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա։
Իրանը կարող է կորցնել գերազանցությունը որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ երթուղի։
Իրանի ռազմավարական նշանակությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում կարող է նվազել։
Զանգեզուրի երթուղու հեռանկարային օգտագործումը թուրքմենական գազը Թուրքիա եւ Եվրոպա տեղափոխելու համար կարող է նվազեցնել իրանական գազի պահանջարկը։
Սեւ ծով Իրանի ելքը կարող է արգելափակվել։
Ստատուս-քվոյի փոփոխությունը Զանգեզուրում, որն Ալիեւն անվանում է «նախնիների հող», կարող է հանգեցնել այն բանին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ կվերցնի Արաքս գետը։
Թուրքիան հայտարարում է, որ այս մտահոգություններն անհիմն են, իսկ Ալիեւը պնդում է, որ Իրանը վրդովված է «Եվրոպա թմրանյութերի երթուղու կորստի պատճառով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր