Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

10 դեկ 2022 13:03

Վրաստանում սպառնացել են Ուկրաինայում ՌԴ-ի դեմ կռվող վրացիներին զրկել քաղաքացիությունից

Շոթա Կինչա, OC Media


Վրաստանի իշխող կուսակցության նախագահը, ինչպես նաև կուսակցության այլ կարկառուն անդամներ, սպառնացել են Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվող վրացիներին զրկել քաղաքացիությունից։


Հինգշաբթի լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը կմիանա այլ երկրի զինված ուժերին, կզրկվի Վրաստանի քաղաքացիությունից։


«Եթե որևէ մեկը լքում է Վրաստանը և զորակոչվում է, օրինակ, Ուկրաինայի զինված ուժեր, դա ենթադրում է, որ նա դառնում է Ուկրաինայի քաղաքացի»,- ասել է նա։


Կոբախիձեն նաև փորձել է հստակ տարբերակում դնել այն վրացիների միջև, որոնք Ուկրաինայում կռվում են «ոգևորությամբ և հանուն գաղափարի» և նրանց միջև, որոնք, նրա խոսքով, այնտեղ են եղել «փողի դիմաց»։


«Հուսով եմ և ուզում եմ հավատալ, որ բոլոր 34-ը [Ուկրաինայում սպանված վրացի մարտիկները] կռվել են հանուն գաղափարի»,- ասել է Կոբախիձեն։


Թեև Կոբախիձեն զարմացել է, որ լրագրողները բարձրացրել են քաղաքացիության հարցը, նման հնարավորության մասին առաջինը այդ օրն ավելի վաղ խոսել էր հենց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, որը պնդել էր, որ դա «ավտոմատ կերպով» կարվի։


«Վրացական քաղաքացիության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացին, որը «առանց վրացական իրավասու մարմինների թույլտվության միանում է օտարերկրյա երկրի զինվորական, ոստիկանության կամ անվտանգության ծառայություններին», կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը։


Սակայն, ըստ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի՝ մարդիկ քաղաքացիությունից ինքնաբերաբար չեն զրկվում։ Նա ասել է, որ որևէ մեկին վրացական անձնագրից զրկելու համար պետական մարմինը պետք է դիմի Պետական ծառայությունների զարգացման գործակալություն։


Այնուհետև կուսակցությունը փորձել է հետ կանգնել իր ասածից՝ պնդելով, թե այդ հայտարարությունները նպատակ ունեն վրացի կամավորներին «նախազգուշացնել» իրավական իրականության մասին, ինչը, ըստ իրենց, վրացիներին հավաքագրողները չեն անում:


Կառավարության քննադատները, ներառյալ Վրաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր խմբերը, դատապարտել են կուսակցության մեկնաբանությունները՝ հայտարարելով, որ Ուկրաինայում կռվող վրացի զինյալների դրդապատճառները կասկածի տակ դնելով և նրանց զգուշացնելով, որ իրենց քաղաքացիության հարցը կարող է վտանգված լինել, Վրաստանի իշխանությունները նպատակ ունեն վարկաբեկել նրանց։


«Վրացական լեգեոն»-ի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին դատապարտել է իշխող կուսակցությանը՝ իրենց վրացական քաղաքացիությանը սպառնալու համար։ Նա նաև հերքել է ենթադրությունը, թե իրենց մոտիվացնում են նյութական շահերը։


Ուկրաինայում գտնվող բազմաթիվ այլ վրացի կամավորներ նույնպես բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը։ «Սա ուղղակի սպառնալիք է. դրանով մեզ վախեցնել նրանք չեն կարող»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է Ռոմեո Պարուլավան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր