Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին`Հայաստանի անհիմն կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք

Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանի ԱԳ նախարարության 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի այս հարցում մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն սրել իրավիճակը»։
«Ակնհայտ է, որ հայկական կողմը նախկին պես շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործողությունների շարունակմամբ։ Ադրբեջանի տարածք որևէ առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պետք է դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածել կեղծիքը, թե, իբր, չի արգելափակել Լաչինի միջանցքն ու հումանիտար ճգնաժամ չի առաջացրել Արցախում, իսկ Հայաստանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման մեջ։
Հավելենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախում առաջացնելով հումանիտար ճգնաժամ։