Տեսանյութ.«Դա մի վիրահատություն էր, որից Հայաստանում վախենում էին». ՀՀ-ում արդեն կատարվում է շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացում
«Լապարասկոպիկ պրոստատէկտոմիան մի վիրահատություն էր, որից Հայաստանում շատերը վախենում էին», – ասում է արտերկրում կրթություն ստացած և այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատող երիտասարդ ուրոլոգ Արման Ծատուրյանը։
Երբ նա մեկնեց արտերկիր, և տեսավ, թե ինչպես են այդ գործողությունն անում և մի օր հետո հիվանդին տուն ուղարկում, հասկացավ, որ «սա պետք է անպայման Հայաստանում կատարվի»։
Այժմ «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ևս պրոստատէկտոմիաներն իրականացվում են լապարասկոպիկ եղանակով:
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է, որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շագանակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմնականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ բժշկի հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել:
Լապարասկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ տղամարդու կյանքի որակի պահպանման առումով՝ անգնահատելի:
NEWS.am Medicine