Ո՞րն է խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը,Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ

Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։
Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։
Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։
Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։
Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։
Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։
Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։
Այս պահին՝ ոչ։
Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։
Գլխավոր խոչընդոտը այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։
Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։
Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։
Անցած տարեվերջին Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայի 2022-ի հուլիսի 1-ի հանդիպմանը որոշեցին բացել սահմանն այլ երկրների քաղաքացիների համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ 2022-ի մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր:
Ռուբինյանն ու Քըլըչն արդեն չորս անգամ հանդիպել են։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: