Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարեկները զբաղվում են նաև բնակարանային գողությամբ
Գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի, առաջին դասակի սպա Ռ. Հայրապետյանն, Աշտարակ խոշորացված համայնքում բռնվել է բնակարանային գողություն կատարելուց, տարածքի բնակիչները շան ծեծ են տվել, ապա ահազանգել ոստիկանություն։
Իմ ունեցած տեղեկություններով Հայրապետյանի նկատմամբ կա նախաձեռնած քրեկան վարույթ, ութ բնակարանային գողության հատկանիշներով։
Գող֊պարեկը այս պահին գտնվում է Աշտարակ ԲԿ֊ում, գլխի բաց վերքերով, հետևի ոտքի կոտրվածքով, քիչ հետո ոտքը վիրահատելու են
Հ.Գ
Դեպքից զարմացած չեմ, քանի որ փաշինյան նիկոլի կադրերը իր նման անգրագետ են, անբարոյական, ոչ արհեստավարժ, գող և թուրք»։
Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանությունից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ գողություն կատարած անձը պարեկ է եղել։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից գողության մեջ կասկածվողի ազգանունն էլ չհրապարակեցին։
Սակայն իրավապահ մարմնից հաստատեցին, որ Աշտարակ ԲԿ-ից ահազանգ են ստացել.
«Բժշկական կենտրոնից ստացվել է ահազանգ, որ բաժնի ծառայողների ուղեկցությամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թվականին ծնված մի տղամարդ։ Պարզվել է, որ ժամը 0։45-ին տղամարդը մուտք է գործել իրենց համագյուղացու տուն՝ գողություն կատարելու։ Իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարևանությամբ բնակվողները բռնել են հանցանքի վայրում։ Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն, դեպքի հանգամանքները պարզվում են»։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին՝ նման դեպք եղել է։
«Նախաձեռնված է քրեական վարույթ բնակարանային գողության փորձ կատարելու հատկանիշներով։ Բնակիչների օգնությամբ նա բռնվել է դեպքի վայրում, այդ ընթացքում ստացել է որոշակի վնասվածքներ, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժումը շարունում է։ Նա ձերբակալված է»։
ՔԿ-ից նաև հայտնեցին, որ խոշորացված Աշտարակի այդ ու հարակից այլ գյուղերում տեղի են ունեցել բնակարանային գողության այլ դեպքեր, և առկա են տվյալներ տվյալ անձի կողմից առերևույթ կատարված լինելու վերաբերյալ։
«Այդ դեպքերի վերաբերյալ նույնպես քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։