Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 մար 2023 13:55

Հայ գիտնականները քաղցկեղային բջիջների դեմ պայքարող դեղամիջոց են մշակում

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են հետազոտություններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջները:


«Հայտնի է, որ քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ մեր կողմից ֆոլաթթվի (ՖԹ) հետ  կոմպլեքսավորվել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ (ֆոտոզգայուն բնությունում գոյություն ունեցող միացություններ): 




Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով և, ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրել ենք նյութերի ամենաբարձր հարաբերակցությամբ կոմպոզիտը` [ՖԹ + Zn-TBut4PyP], որում հարաբերակցությունը հասնում է 20/1-ի:


Կոմպոզիտների հատկություններն ուսումնասիրվել են տարբեր pH-ի և NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Նման կոմպոզիտների ստացման մատչելիությունը հնարավորություն է ընձեռում դրանք կիրառել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև բակտերիաների, սնկերի, խմորիչների և վիրուսների դեմ պայքարում»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գյուլխանդանյանը:


Հետազոտությունն իրականացվում է «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտությն մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:


«Հետազոտությունն ունի և՛ հիմնարար, և՛ կիրառական նշանակություն: Այս հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների (այլ վիտամինների, սպիտակուցների, գիալուրաթթվի),  նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը, որոնք կարող են ցուցաբերել ավելի բարձր խնամակցություն և ակտիվություն քաղցկեղային բջիջների նկատմամբ: Հետազոտությունը շարունակվելու է 2023 թ-ին և ավարտից հետո ամենաակտիվ միացությունը (դեղամիջոցը) կիրառվելու և փորձարկվելու է խոշոր կենդանիների վրա, որպեսզի հետագայում կիրառվի մարդու քաղցկեղային հիվանդությունների դեպքում»,- ասաց Գրիգոր Գյուլխանդանյանը:


Հետազոտական աշխատանքում ընդգրկված է  ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի լաբորատորիայի 3 երիտասարդ գիտաշխատող, ինչպես նաև կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատողներ: Բացի այդ, այս թեմայով ներկայում կատարում են և շարունակելու են 2023թ. կատարել հետազոտություններ 3 ուսանողներ` բակալավրներ և մագիստրոսներ:


Հետազոտության արդյունքները 2022 թ. տպագրվել են հեղինակավոր «Journal of Innovative Optical Health Sciences» ամսագրում, Vol. 15(1), pp. 2142007-1 - 2142007-16, (2022):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր