Սահմանապահ զորքերը աչքի չեն ընկել իրենց արդյունավետությամբ և պատրաստ չեն պաշտպանելու սահմանը թշնամու՝ օրեցօր թեժացող սպառնալիքներից ու հարձակումներից

Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով այս որոշմանը, նշեց, որ սահմանապահ զորքերը որպես ամբողջական համակարգ, այդքան էլ աչքի չեն ընկել իրենց արդյունավետությամբ։
«Մինչև 44-օրյա պատերազմը ՀՀ սահմանապահ զորքերը զբաղվել են միայն Վրաստանի և Իրանի հետ սահմանների պահպանությամբ: Պատերազմի ժամանակ էլ, որպես ամբողջական համակարգ, մարտական միավոր, չէի ասի, թե արդյունավետ են իրենց դրսևորել իրենց պատասխանատվության գոտում (մասնավորապես՝ հարավային հատվածում)։
Պատերազմից հետո էլ չեն մասնակցել բանակի հետ որևէ լուրջ զորավարժության, որպեսզի ներդաշնակեցվեն բանակի հետ։ Վերոնշյալից ելնելով՝ չեմ կարծում, որ ներկայիս տեսքով սահմանապահ զորքերը պատրաստ են ագրեսիվ թշնամու դեմ ոչ թե սահմանը, այլ, ըստ էության, առաջնագիծը պաշտպանելու»,- ասաց Վրթանեսյանը։
Փորձագետը ընդգծեց, որ այս որոշումով ևս մեկ քայլ է արվում պաշտպանական համակարգը թուլացնելու ուղղությամբ։
«Կարող եմ ասել, որ Փաշինյանի ռեժիմը քայլ առ քայլ, շատ հետևողական ձևով թուլացնում է ՀՀ պաշտպանությունը, ընդ որում՝ դա անում է թշնամու՝ օրեցօր թեժացող սպառնալիքների ու հարձակումների ֆոնին»,- հավելեց Կարեն Վրթանեսյանը։