Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 մայիս 2023 16:13

Ամպերում վտանգավոր մանրէներ կան

Դեղերի հանդեպ կայուն մանրէներ կան անգամ ամպերում, պարզել են ֆրանսիացի գիտնականները։ Այս բացահայտման մասին հրապարակվել է Science of The Total Environment ամսագրում, տեղեկացրել է AFP-ն։


«Մանրէները սովորաբար ապրում են բուսականության, օրինակ՝ տերեւների մակերեսին կամ հողի մեջ։ Մենք հայտնաբերել ենք, որ դրանք քամու միջոցով տարածվում են մթնոլորտում եւ կարող են ճամփորդել ամբողջ աշխարհում՝ մեծ հեռավորություններ կտրելով, նաեւ մեծ բարձրություններում՝ ամպերում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ֆլորենտ Ռոսին։

Գիտնականներն ուսումնասիրել են նմուշներ մթնոլորտային հետազոտությունների կայանից, որը գտնվել է 1465 մետր բարձրության վրա, կենտրոնական Ֆրանսիայի քնած հրաբխի գագաթին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամպերը պարունակել են մեկ միլիլիտր ջրի համար 330-ից մինչեւ ավելի քան 30 հազար մանրէներ, միջինը՝ մոտ ութ հազար մանրէ մեկ միլիմետրի համար։


Կենսաբանները նաեւ հայտնաբերել են հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության գեների 29 ենթատեսակ։ Դեղերի հանդեպ կայունությունն առաջանում է այն ժամանակ, երբ մանրէները ենթարկվում են հակաբիոտիկների ազդեցությանը եւ «իմունիտետ» են ձեռք բերում դրանց հանդեպ մի քանի սերնդի ընթացքում։


Գիտնականների կարծիքով՝ ռիսկերն ընդհանուր առմամբ ցածր են մնում, քանի որ մանրէների մեծ մասը չի կարող ապրել ամպերում։ Սակայն մթնոլորտի մոնիթորինգը կարող է օգնել որոշել դեղերի հանդեպ կայուն մանրէների աղբյուրները՝ սահմանափակելու համար դրանց տարածումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր