«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

21 հուն 2023 16:31

Աշխարհը իր ճոճքի մեջ ապրում է սովորական կյանքով.որևէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք. Էդիկ Բաղդասարյան

Որեւէ մեկը չի օգնելու, մենք մենակ ենք: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասայանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ: Նրան շատ աղոտ եմ հիշում, գրեթե չեմ հիշում, ընդամենը մի դրվագ՝ գյուղամիջյան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր եւ կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ հիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ հիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմություններն ուշ եմ իմացել: Վերջին անգամ նրա մասին պատմել էր հորաքրոջս աղջկա ամուսինը, որն անցյալ տարի մահացավ, մեր գյուղը՝ Քարին տակը գրավելուց հետո։ Նրանք էլ են կորցրել իրենց տունը:

Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում: Տուն կորցրած մարդկանց հետ դժվար է զրուցել, ինչի՞ մասին կարող ես խոսել այդ մարդկանց հետ: Նրանց ամբողջ կյանքն էդ տների հետ է շաղկապված: Նրանցից շատերը հենց իրենք են կառուցել իրենց տները, մի մասն էլ հորական, պապական տներում էր ապրում: Չեմ ուզում հանդիպել նրանց:

Մի շաբաթ առաջ Երեւանում ապրող ընկերներիցս մեկը զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չես երեւում, արի՝ կզրուցենք: Ասում եմ՝ ինչ կա զրուցելու: Ասում է՝ լավ, գոնե կնստենք իրար հետ: Նրանք հարցեր են տալիս ռուսներից, ամերիկացիներից, եվրոպացիներից: Հարցնում են՝ չեն կարո՞ղ մի բան անել: Ասում եմ՝ ոչ, որեւէ մեկը որեւէ բան չի անելու: Հարցերն ուրիշ ձեւով են փորձում ձեւակերպել, բայց նույն պատասխանն եմ տալիս, որեւէ մեկը չի օգնելու: Մենք մենակ ենք, ասում եմ:

Իսկ հիմա Արցախը լրիվ կտրվել է արտաքին աշխարհից, պաշարված է: Սնունդը վերջանում է, հիվանդների դեղերը վերջանում են: Աշխարհին չի էլ հետաքրքրում դա: Աշխարհը իր ճոճքի մեջ ապրում է սովորական կյանքով: Ու հիմա եմ հասկանում եմ, թե պապս ինչու էր ղաչաղ դարձել ու մի քանի հոգով ձորակ էին պահում:

Նրա երեք եղբայրները կուլակաթափության ժամանակ իրենց ոսկիները վերցրել են ու փախել Ղարաբաղից: Մեկը տնավորվել էր Տաշքենդում (հայտնի մարդիկ էին դարձել նրա զավակներ), մյուսը՝ Աշխաբադում (երկու դուստրերը Թուքմենստանի ամենահայտնի բժիշկներն էին), երրորդը՝ Աստրախանում: Մայրս հետո նրանց զավակներին գտել էր: Իսկ պապս, որ եղբայրներից փոքրն էր, չէր գնացել նրանց հետ: Չգիտեմ՝ ինչու չէր գնացել եղբայրների հետ ու hետո ղաչաղ էր դարձել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր