Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

03 հուլ 2023 23:04

Չի բացառվում, որ «Վագներ» ՊՄԿ-ի գրոհային զորքի մի մասին առաջիկայում տեսնենք Արցախում. պահեստազորի սպա

«Երբ «Վագներ» զորամիավորումն ապստամբեց, ես գրեցի, որ սա ֆեյք գործողությունների մի շարք է, որն իր հստակ նպատակներն ու նշանակետերն ունի, որովհետև, ուղղակի, ամեն տեսակի տրամաբանությունից դուրս էր, որ, ընդամենը, 25 հազար հոգով, առանց թիկունքային ապահովման, որեւէ մեկը հայտարարի, թե ցանկանում է գալ ու գրավել Մոսկվա քաղաքը։ Մոսկվայի մատույցներում խրամատներ փորելն ու զորք կանգնեցնելն, առնվազն, լուրջ քննարկման ենթակա թեմա չէր կարող լինել, լիրիկայի ժանրի վառ դրսևորում ունենալու պատճառով։ Սա, իմ կարծիքով, ՌԴ քաղաքական վերնախավի և, անձամբ, Պրիգոժինի հետ պլանավորված բազմակողմանի օպերացիայի մի արարն էր, որի նպատակը ՌԴ-ին հնարավորություն տալն էր՝ արհեստական թուլություն ցուցաբերելով՝ մի քանի կարևոր հարցեր լուծել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է պահեստազորի սպա, ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանը։

Ըստ նրա՝ Մոսկվան գրավելու, այսպես կոչված, օպերացիայով մի քանի խնդիր լուծվեց. «Առաջին հերթին՝ լուծվեց զորքի դիսլոկացիայի հարցը։ «Վագներ»-ն արդեն պետք է դուրս գար Ուկրաինայից, որովհետև այնտեղ նրանք ավարտել էին իրենց վրա դրված գործառույթներն ու դուրս գալու ժամանակն էր։ Թե որտե՞ղ մենք առաջիկայում կտեսնենք վագներական զորքը, սա, իհարկե, քննարկման լուրջ հարց է։ Երկրորդ հերթին, այսպես կոչված, ապստամբությամբ լուծվեց նաև մեկ այլ խնդիր՝ ջրի երես դուրս եկան պոտենցիալ բոլոր տեսակի դավաճանները, որոնք ապստամբության մի քանի օրերի ընթացքում ցույց տվեցին իրենց իրական դեմքը։ Խոսքը ռուսական ռազմական էլիտայի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև՝ ռուսաստանյան օլիգարխիայի մասին է։ Կարծում եմ, առաջիկայում կլսենք ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի, ինչպես նաև՝ ՌԴ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Վալերի Գերասիմովի՝ պաշտոններից ինքնակամ հեռանալու մասին լուրը։ Մեծ ձեռքբերում կարելի է համարել նաև ռուսաստանյան օլիգարխիայի լուստրացիայի ենթարկման պրոցեսը, որը տեղի ունեցավ վագներյան ապստամբության ընթացքում։ Սրանք կարևոր հարցեր էին, որ լուծեց Ռուսաստանի Դաշնությունն՝ իր դեմ հնարավոր երկրորդ ռազմական ճակատի բացումից առաջ, իսկ թե որտե՞ղ կբացվի այդ ճակատը և ե՞րբ, կարծում եմ պարզ է՝ դա կլինի ամենամոտ ապագայում, Հարավային Կովկասում՝ Արցախում և ՀՀ-ում»։

Թե ինչպե՞ս լուծվեց վագներական «ապստամբությունը», սա, ըստ բանախոսի, բոլորովին այլ օպերա էր.«Բելառուսական կողմի հետ բրիֆինգի ընթացքում այդ երկրի նախագահ, դիկտատորական հավակնություններ ներկայացնող Լուկաշենկոն պատմում է, որ դիմելով ՌԴ նախագահ Պուտինին, առաջարկել է՝ իրեն վստահել «Վագներ» ՊՄԿ-ի հարցը լուծելու գործը և լուծել է այն։ Թե որտե՞ղ է գտնվում այս պահին «Վագներ» զորամիավորումը, պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։ Բոլոր տեսակի ակտիվ խոսակցություններն ու քննարկումներն՝ ինչպես «Վագներ» ՊՄԿ-ի, այնպես նաև՝ Եվգենի Պրիգոժինի անձի վերաբերյալ, մի տեսակ, անհասկանալի պասիվ փուլ են մտել։ Այստեղ մեկ անգամ էլ հիշենք, որ խոսում ենք այն մարդու և նրա գլխավորած այն գրոհային զորամիավորման մասին, որն, ընդամենը, մի քանի օր առաջ հայտարարեց Մոսկվա քաղաքը գրավելու մասին։ Թե ի՞նչ լռություն է սա և ի՞նչ նպատակ էր հետապնդում այս ամենն, արդեն խոսեցինք։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ, այս պահի դրությամբ, վագներական զորքն՝ իր ամբողջական կազմով գտնվում է Բելառուսի տարածքում և պատրաստվում է հերթական «գործուղմանը»։ Հաշվի առնելով վերջին օրերի զարգացումները, հատկապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկ ունեցած՝ հերթական ռազմատենչ և, իմ կարծիքով, խիստ վտանգավոր հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում «Վրեժ–3» ռազմական գործողություն իրականացնել, ապա, բոլորովին, բացառված չէ, որ «Վագներ» զորամիավորման գրոհային զորքի մի մասին առաջիկայում կարող ենք տեսնել, հենց, Արցախում։

Ամփոփելով զրույցը, պահեստազորի սպա, ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանն ասում է՝ չենք կարող չընդունել, որ «Վագներ» ՊՄԿ-ն բրենդ է, ընդ որում, ոչ միայն ռուսաստանյան տարածքում, այլ նաև՝ ողջ աշխարհում.«Բոլորովին պատահական չէ, որ «Netflix»-ը հայտարարել է Պրիգոժինի մասին նոր սերիալի նկարահանումների մեկնարկը։ Պարզապես, պարզ տրամաբանություն է՝ ո՛չ Պրիգոժինը, ո՛չ ՌԴ նախագահը չէին ցանկանա, որպեսզի այդպիսի բրենդը, որն, ի դեպ, ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում բեկումնային դերակատարություն ունեցավ և կարևոր հաղթանակներ ապահովող գործոններից մեկը դարձավ, խայտառակ հեղինակազրկման ենթարկվեր։ Ինչպես միշտ՝ ռուսաստանյան կողմը հանդես եկավ հեռատես քաղաքականություն վարելու իր հմտությամբ և իր համար կենսական նշանակության մի քանի կարևոր հարցեր լուծեց, որի արդյունքներին ականատես կլինենք մոտ ապագայում»։

Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության շաբաթական թողարկումից հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է «Վրեժ–3» գործողություն իրանակացնել Արցախում։ Հաղորդման ժամանակ մեջբերումներ էին արվել Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական սպառնալից ու ռազմատենչ ելույթներից, որում վերջինս մեղադրանքներ էր ներկայացրել ռուսական կողմին, թե, իբր, խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումը զինում է Արցախին։ Ալիևը հավելել էր, թե ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, իսկ Ադրբեջանը դեռևս չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր