Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

12 հուլ 2023 15:48

Ալիևը պարտավոր է ԼՂ-ին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում և երաշխավորել ԼՂ ժողովրդի իրավունքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, և դա պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի, NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե որը կարող է լինել հաջորդ քայլը խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ բանակցություններում, եթե Հայաստանի վարչապետը հայտարարել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։

Ուորլիքի համոզմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ պետք է քննարկի հույժ կարևորություն ունեցող հարցերը, և նման երկխոսությունը, կարծում է, չափազանց կարևոր է կարգավիճակի հարցում։

«Խոսքն Ադրբեջանի կազմում կարգավիճակ տրամադրելու մասին է։ Կարևոր իրավունքներ և երաշխիքներ կան, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և, այդ իմաստով, նաև Լեռնային Ղարաբաղից դուրս։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան խաղաղ և անվտանգ ապրել կողք կողքի, բայց դրա համար վստահության ամրապնդման համար միջոցներ պետք է ձեռնարկվեն, և Ադրբեջանի կառավարությունը պետք է բարեխղճորեն բանակցի այս հարցի շուրջ և որոշակի մեծահոգություն դրսևորի՝ երաշխավորելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է  անվտանգ, պաշտպանված զգալ և բարեկեցիկ ապրել Ադրբեջանի կազմում»,- նշեց ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը։

Պաշտոնական Երեւանը պնդում է, որ դեռ 2007թ. համաձայնվելով բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, եւ որ Արցախի ժողովուրդը հեռավոր ապագայում ինքնորոշվելու եւ Ադրբեջանի կազմից դուրս որեւէ կարգավիճակ ստանալու հնարավորություն չի ունեցել։ Անդրադառնալով Հայաստանի այս դիրքորոշման ու հարցին՝ արդյո՞ք Արցախի ապագա կարգավիճակը որեւէ կերպ կանխորոշված է համարվել բանակցություններում, ԱՄՆ նախկին համանախագահն ընդգծել է՝ իր համանախագահ եղած շրջանում բանակցային սեղանին կարգավորման տարբերակ կար, որին հնարավոր կլիներ հասնել, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ լինեին գնալ դրան, բայց նրանք, ըստ Ուորլիքի, պատրաստ չէին։

«Անկեղծ ասեմ՝ Հայաստանի համար իրավիճակն ավելի նպաստավոր կլիներ, եթե իմ համանախագահ եղած շրջանում այդ լուծմանը գնալու համաձայնություն ձեռք բերվեր։ Դա չպետք է տեղի ունենար պատերազմի և հակամարտության ճանապարհով։ Բա դա արդեն անցյալում է։ Համոզված եմ, որ կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում է։ Խոսքը չի գնում ներկա պահին անկախ կարգավիճակ ստանալու մասին, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու պարտավորությունները պետք է ճանաչվեն Ադրբեջանի կազմում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Կարծում եմ՝ նախագահ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, որը պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի»,- նկատեց Ուորլիքը։

Հարցին՝ արդյո՞ք 2020թ. պատերազմից հետո Հայաստանը կարող էր չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, շարունակել առաջ մղել ազգերի ինքնորոշման սկզբունքը կամ, առնվազն, պնդել, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվի, Ուորլիքը նկատեց՝ հայկական կողմերը պետք է ընդունեն առկա իրողությունները։

«Ադրբեջանը միշտ էլ պնդել է տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը պնդում էր ազգերի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակի հարցի քննարկումը։ Կարծում եմ՝ լուծումը կարող էր ձևակերպվել այնպես, որ ընդունելի կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Բայց դա արդեն անցյալում է՝ մենք այն հանգրվանում ենք, որտեղ որ գտնվում ենք, և Հայաստանի կառավարությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընդունեն առկա իրավիճակը և աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները»,- շեշտեց ԱՄՆ նախկին համանախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր