2 հզոր պետությունները՝ Չինաստանն ու Ռուսաստանը, համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանի զինված ուժերը շուտով Ճապոնական ծովում կմասնակցեն զորավարժությունների՝ «Հյուսիս․ Փոխազդեցություն - 2023», որը կազմակերպում է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրել է Life-ը։
«Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի համագործակցության տարեկան ծրագրի համաձայն՝ ռուսական բանակը շուտով ռազմածովային ուժեր ու ռազմաօդային ուժեր կուղարկի մասնակցելու «Հյուսիս․ Փոխազդեցություն - 2023» զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՉԺՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունները կազմակերպում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության հյուսիսային գոտին։
Զորավարժությունները տեղի կունենան Ճապոնական ծովի կենտրոնական հատվածում։
Զորավարժությունների թեման կլինի «ռազմավարական ծովային ուղիների անվտանգության պահպանումը»։
Նպատակն է բարձրացնել երկու երկրների զինված ուժերի ռազմավարական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև համատեղ ջանքերով ամրապնդել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու կարողությունը։