Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ինչպես հաղորդում է Turan-ը, համապատասխան նամակն ուղարկվել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւի կողմից շրջակա միջավայրի նախարարին:
Ինչպես նշված է ուղերձում, արդեն սկսվել է «անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով» նախատեսված ընթացակարգը: Նամակում ընդգծվում է, որ նշված կոնվենցիայի Հավելված 1-ի համաձայն, մետաղագործական գործարանների աշխատանքը ճանաչվում է որպես գործունեության տեսակ, որը կարող է առաջացնել զգալի բացասական անդրսահմանային ազդեցություն: Ընդ որում, կոնվենցիայի 3.1-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը պարտավոր էր տեղեկացնել Ադրբեջանին շրջակա միջավայրի վրա գործարանի աշխատանքի ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանը Հայաստանից այդ նախագծի վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։
Նամակում նաեւ ասվում է, որ Ադրբեջանը սկզբնական փուլում Հայաստանից պահանջում է տեղեկատվության փոխանակում եւ քննարկումներ անցկացնել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցության վերաբերյալ: Ադրբեջանի կառավարությունը նաեւ պահանջում է Հայաստանի կողմից անհապաղ դադարեցնել գործարանի կառուցումը մինչեւ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերի ամբողջական պարզաբանումը եւ համարժեք քննարկումը: