Չի բացառվում, որ հնարավոր է նաև ինչ-որ զինված սրացում լինի .ՀՀ ղեկավարությունից է կախված, թե ինչպիսին կլինի այդ գործընթացը՝ կառուցողական, թե ոչ
Iz.ru-ն գրում է,
Ղարաբաղում տիրող իրավիճակը բազմիցս է հայտնվել միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, այդ հարցում ռուս և արևմտյան դիվանագետները վերջին ժամանակներում իրենց համար անսովոր միաձայնություն են ցուցաբերում։ Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Նույն մասին է խոսել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Հայաստանն աջակցություն է ստացել նաև Արդարադատության միջազգային դատարանում, որը Բաքվից պահանջել է ապահովել Լաչինի ճանապարհով ազատ տեղաշարժը։
Ադրբեջանական փորձագիտական շրջանակները քննարկում են նաև Ղարաբաղը զինաթափելու որոշակի գործողության հեռանկարները։ Այսպես, ըստ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի իրավիճակը «նոր փուլ կանցնի» օգոստոսին կամ սեպտեմբերին։ «Թերևս օգոստոսին սկսվի Ղարաբաղի վերաինտեգրման հաջորդ փուլը։ Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը և զենքերը, Հայաստանի ղեկավարությունից է կախված այն, թե ինչպիսին կլինի այդ գործընթացը՝ կառուցողական, թե ոչ»,- նշել է նա։
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը «iz.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռազմաքաղաքական սրացում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Ադրբեջանը կարծում է, որ հաղթել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում և կարող է ուժի դիրքերից հանդես գալ։ Բաքուն պատրաստ չէ քննարկել Ղարաբաղի որևէ կարգավիճակ, նրանք պահանջում են, որ հանրապետության բոլոր բնակիչներն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն»,- ընդգծել է փորձագետը։ Նա հավելել է, որ մարդասիրական շարասյուն ուղարկելը Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձն է ներկա իրավիճակի վրա միջազգային միջնորդների լրացուցիչ ուշադրությունը հրավիրելու համար։
Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է ստեղծում իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Բաքուն տասնամյակներ շարունակ հայ բնակչության դեհումանիզացիայի արշավ է վարում, ուստի հիմա նրանք որևէ խղճի խայթ չեն զգում։ Նրանք Ղարաբաղում խաղաղ բնակիչներին համարում են օրինական թիրախ։ Չեմ բացառում, որ հնարավոր է նաև ինչ-որ զինված սրացում։ Հայտնի է, որ Ադրբեջանը բավական մեծաթիվ զինված ուժեր է կենտրոնացրել Ղարաբաղի պարագծով»,- նշել է նա։
Իսկ ահա ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը հույս ունի, որ հնարավոր է խուսափել նոր սրացումից: «Հայաստանը համաձայնվել է Բաքվի հիմնական պահանջին և ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բացի այդ, մենք տեսնում ենք ռուս և արևմտյան դիվանագետների ակտիվ ջանքերը, որոնք ձգտում են կանխել բռնության բռնկումը։ Կարծում եմ, որ կողմերը կկարողանան որոշակի փոխզիջումային պայմանավորվածությունների գալ»,- ասել է նա։